Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կառավարությունն ընդունեց օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համար առաջարկվող հարկային փոփոխությունը

Կառավարությունն ընդունեց օգտագործված ավտոմեքենաները նորով փոխարինելու համար առաջարկվող հարկային փոփոխությունը
Հայաստան
11:19, 29 апрель 2021
Հարկային օրենսգրքում և կից օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որպես  հրատապ հարց այսօր ընդունվեց ՀՀ Կառավարության կողմից։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ մեկնաբանելով օրենսգրքի փոփոխությունը նշեց, որ խոսքը օգտագործված ավտոմեքենաները նոր ավտոմեքենաներով փոխարինելու մասին է․ «Աշխարհում լայնորեն տարածված է, երբ մարդիկ իրենց մեքենաները փոխարինում են՝ հանձնում են և որոշակի գործարքի արդյունքում ստանում են նոր ավտոմեքենա։ Մեր գործող հարկային համակարգը այս պրոցեսի համար նպաստավոր չէ և այդ գործարքների շուկան չի զարգանում։ Սա կնպաստի, որ մեր երկրում ավտոմեքնենաների պարկը թարմանա։»։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն էլ հավելեց, որ նախկինում երբ դիլերները գնում էին մեքենաներ՝ անհատներից, այնուհետև վաճառելուց  ստիպված էին լինում տալ ԱԱՀ՝ ամբողջ գումարից, իսկ առաջարկվող կարգավորմամբ ընդամենը գնային տարբերությունից պետք է վճարեն ԱԱՀ։ 

Իսկ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանն էլ ընդգծեց, որ  ավտոմոբիլներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիայի ներկայացուցիչներն արձանագրել են, որ մեր հարկային համակարգում եղած կարգավորումները ոչ միայն չեն նպաստում թրեյդին համակարգի իրացմանը, այլ ընդհակառակը խոչընդոտում են․ «Մասնավորապես ԱԱՀ բազայի տեսակետից այսօրվա կարգավորմամբ, երբ ֆիզիկական անձը վաճառում է իր ավտոմեքենան ընդհանուր հարկման համակարգում գործող կազմակերպությանը՝ հաշվի առնելով, որ ֆիզիկական անձը ԱԱՀ վճարող չի՝ այդ կազմակերպության մոտ առաջանում է պարտավորություն ամբողջ արժեքի չափով, և դա խոչընդոտում է այս համակարգի կայացմանը։ Գործող կարգավորումներում առկա մյուս խոչընդոտն այն է, որ նույն ֆիզանձի դեպքում ճանաչվում է եկամուտ և այդ եկամտի տասը տոկոս եկամտային հարկի կատարման պարտավորությունը նույնպես դառնում է տվյալ կազմակերպության պարտավորություն»։ 

Ատոմ Ջանջուղազյանը հավելեց նաև, որ այս կարգավորմամբ ավտոմեքենաների երկրոդային շուկան կկայանա մեր երկրում և 2022թ․ մեր երկրում կներդրվի թրեյդին համակարգի իրավական դաշտը։