Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուտով որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված անձի մուտք գործել իր տարածք․ Փաշինյան

Շուտով որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված անձի մուտք գործել իր տարածք․ Փաշինյան
Հայաստան
11:47, 29 апрель 2021
Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ կոռոնավիրուսի արդյունքում ստեղծված իրավիճակին և պատվաստումներին։

Կորոնավիրուսից պատվաստման գործընթացի մասով Փաշինյանը նշեց, որ այս պահին Հայաստանն ունի պատվաստման բավականին մեծ պոտենցիալ, սակայն կա խնդիր, որ այդ պոտենցիալը պատշաճ չափերով և մասշտաբներով չի իրականանցում, ինչը որոշակի ռիսկեր է առաջացնում ՝ոչ միայն առողջապահական, այլև՝ տնտեսական։

«ժամանակակից աշխարհում նաև տնտեսության համար և տնտեսական ակտիվության առումով կարևորագույն գործոն է, թե երկրում բնակչության ո՞ր մասն է պատվաստված կոռոնավիրուսից։ Մասնավորապես զբոսաշրջության ոլորտում՝ որպես զբոսաշրջության ուղղություն, երկրները գնահատվում են նաև այս չափանիշով», - նշեց նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին նշեց, որ պատվաստանյութերի գործընթացը միակ միջոցն է, որը օգնելու է վերջ դնելու այս մահերի աղետալի ընթացքին և զսպելու է հաջորդական ալիքները․ «Բոլոր այն պատվաստանյութերը, որոնք առկա են Հայաստանում, 100 տոկոսով պաշտպանում են՝ հիվանդացության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքից։ Ռիսկը պատվաստանյութից որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության, գրեթե զրոյական է, եթե համեատում ենք կովիդով վարաքվելու հետևանքով առողջությանը ծանր և ցավոք սրտի մահվան դեպքերով»։

Փաշինյանը նշեց, որ եթե որևէ պատվաստանյութ քաղաքացիների առողջությանը, կյանքին, որևէ վտանգ ներկայացնի, ՀՀ կառավարությունը այդ պատվաստանյութը ուղղակի չի ընդունի․ «Բայց, ուզում եմ տեղեկացնել, որ մեր փոխվարչապետը և առողջապահության նախարարը երեկ պատվաստվել են Աստրա Զենեկա տիպի պատվաստանյութով և, ինչպես տեսնում եք, նստած են, ներկա են, նրանց հետ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել»։

Ըստ նրա՝ այս առումով կարևոր է օգտագործել  ողջ պոտենցիալը։

«Այս պահի դրությամբ Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ։ Ի՜նչ խայտառակ ցածր ցուցանիշ է։ Հիմա աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է՝ բոլոր առումներով․ տնտեսական, քաղաքակրթական, քաղաքական։ Այնպես որ, սա պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքը» - նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ շուտով ամբողջ աշխարհում ճամփորդության համար պարտադիր կլինի պատվաստումը և որևէ երկիր թույլ չի տալու չպատվաստված անձի մուտք գործել իր տարածք։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն իր հերթին հաստատեց այդ միտքը, նշելով, որ բոլոր խոսակցությունները՝ արևմտյան գործընկերների միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ, փաստում են այն մասին, որ առաջատար երկրները պատրաստվում  են նոր կարգեր մտցնել աշխարհում՝ ճամփորդությունների վերաբերյալ։

«Ըստ էության, այն մարդիկ, ովքեր չունեն կանաչ անձնագիր, այսինքն՝ պատվաստված չեն, հնարավորություն չեն ունենալու ազատ ճամփորդել», - նշեց Քերոբյանը։ 

Փաշինյանը հավելեց, որ խոսքը ոչ միայն ՀՀ քաղաքացիների ճամփորդելու մասին է, այլ՝ դեպի մեր երկիր ճանփորդելու․«Այսինքն՝ մեր բիզնեսը շատ շահագրգռված պիտի լինի, որովհետև մենք, եթե հիմա՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում, պատվաստման շատ շոշափելի ցուցանիշ չարձանագրենք, մեր զբոսաշրջային բիզնեսը այս տարի նույնպես կարող է շատ մեծ պրոբլեմներ ունենալ»։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը անդրադառնալով պատվաստման միջազգային փորձին, նշեց Իսրայելին և Մեծ Բրիտանիային, որտեղ մոտ 50 տոկոսից ավել արդեն պատվաստման ցուցանիշ կա և կովիդով հիվանդացության կտրուկ նվազում․

«Այսինքն՝ մենք  արդեն տեսնում ենք հստակ կապը՝ պատվաստման լավ ցուցանիշերի և հիվանդության հաղթահարման միջև»։

Նախարի փոխանցմամբ այսօր գրանցվել է 656  նոր դրական դեպք։ Այս պահին 13․257 ակտիվ դեպքերն են, որից 2000-ից ավելը գտնվում են հիվանդանոցներում։ Երեկ գրանցել ենք 16 մահ և ընդհանուր մահվան դեպքերով 4000-ի սահմանն արդեն հատել ենք։ 

Հայաստանում այսօր հասանելի են պատվաստանյութերը, ստեղծված են բոլոր ինֆրաստրուկտուրաները, որպեսզի քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն։ Երեկվանից պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու։

«ՄԵնք փոփոխություններ ենք մտցրել նաև պոլիկլինիկաներում՝ սպասարկման կարգի մեջ՝ փորձելով հնարավորինս հեշտացնել դիմելեու ձևերը և անկախ իրենց կցագրված վայրից, կարող են մարդիկ  հերթագրվել և ստանալ պատվաստանյութն իրենց նախընտրած պոլիկլինիկայում», - նշեց Ավանեսյանը։

Նա հավելեց, որ հաջորդ շաբաթվանից կլինեն նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն, և ևս մեկ քայլով կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը՝ մեր քաղաքացիներին։

Սյուզի Սիրականյան