Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հրաժարական եմ տալու։ Լա՞վ է։ Գո՞հ եք» Քերոբյանը՝ լրագրողին․Տեսանյութ

Կառավարությունում, լրագրողների հետ ճեպազրույցում Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պնդմանը, թե Հայաստանում ներդրումներ չեն արվում և ոչ մի նորմալ գործարար մեր երկրում ներդրում չի անի, և Թուրքիայի հետ սահմանի բացումն էլ կվնասի գյուղատնտեսությանը, Քերոբյանն ասաց, որ Հայաստանում ներդրումներ արվում են և այն մարդիկ, ովքեր պնդում են, որ երկրում ներդրումներ չեն արվում, կապ չունեն իրականության հետ և չեն տիրապետում թվերին։

«Տեսեք, ճիշտ ա, տնտեսական աճը մարտը մարտի նկատմամբ կազմել է 3,8 տոկոս, ինչը ինձ չի գոհացնում, մենք հաշվել էինք, որ պետք է մոտավոր լիներ 7-7,5 տոկոս, բայց դա միևնույնն է ապահովելու է երկնիշ տնտեսական աճը տարվա վերջին և կարող եմ ասել, որ բազմաթիվ ներդրողներ իրենց գործը անում են և շատ մեծ թափով ներդրումներ են ընթանում։ Ես ամեն օր շփվում եմ մարդկանց հետ, ովքեր ներդրումներ անելու պրոցեսի մեջ են», - ասաց Քերոբյանը։

Թուրքիայի հետ սահմանի բացման մասով Քերոբյանը նշեց, որ այդ հարցը դեռ չի էլ քննարկվում և Հայաստանը երկարացնում է թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։ «Ըստ ամենայնի արգելելու ենք նաև վաճառքը։ Այսինքն կապ չունի, թե ապրանքը երբ է Թուրքիայից ներմուծվել, վաճառքը երկրում ևս արգելելու ենք, որովհետև որոշակի զարտուղի ճանապարհներով կարողանում են մտցնել և պետք է մի քիչ խստացնել։ Կարծում եմ մոտեցումը այստեղ պետք է լինի բավականին սիմետրիկ։ Երբ քաղաքական մակարդակով որոշվի տնտեսական հարաբերությունները կարգավորելու մասին, որը իմ լիազորություններից դուրս է, այդ ժամանակ մենք կփորձենք այնպես անել, որ մեր տնտեսությունը ինչքան հնարավոր է լավ պաշտպանված լինի թուրքական ապրանքների հեղհեղումից», - ասաց Քերոբյանը։

Լրագրողի հարցին, թե նախարարի պաշտոնակատարը ի՞նչ է անելու, եթե խոստացված երկնիշ տնտեսական աճը չապահովվի, Քերոբյանն ասաց․ «հրաժարական եմ տալու։ Լա՞վ է։ Գո՞հ եք»։ 

Անդրադառնալով գյուղատնտեսությունը զարգացնելու քայլերին, Քերոբյանն ասաց, որ ունենք գյուղատնտեսական աջակցման շատ մասշտաբային ծրագրեր և հազարավոր հեկտարներով այգիներ են տնկվում։ «Ես ձեզ կարող եմ հրավիրել՝ 1-2 շաբաթից այցելելու եմ մի նոր գյուղատնտեսական համալիր, որտեղ 1000 հեկտար գյուղատնտեսական նոր ինտենսիվ այգիներ են տնկվելու և կտրուկ ավելացնելու են մեր գյուղատնտեսական արտադրողականությունը և ընդհանուր բերքատվությունը՝ մի քանի տարվա ընթացքում։ Անցած տարի գյուղատնտեսությունը ի տարբերություն մյուս բոլոր ոլորտների, որոնք շռնդալից անկում են ունեցել, գյուղատնտեսությունը համարյա ոչ մի անկում չէր ունեցել և այս տարի ակնկալում ենք, որ կտրուկ աճ կլինի», - ասաց նախարարի պաշտոնակատարը։