Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՀԿ-ն առաջարկում է ռազմարդյունաբերության համալիրին կից ուսանողների համար գիտահետազոտական կենտրոն բացել՝ տարկետման հնարավորությամբ

ԼՀԿ-ն առաջարկում է ռազմարդյունաբերության համալիրին կից ուսանողների համար գիտահետազոտական կենտրոն բացել՝ տարկետման հնարավորությամբ
Հայաստան
12:25, 29 апрель 2021
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին նախագիծը։ Նախագծի հեղինակներն  են ԼՀԿ պատգամավորները։ Գևորգ Գորգիսյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ առաջարկվում է ստեղծել ռազմարդյունաբերության համալիրին կից գիտական կենտրոն, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր․ «Այն քաղաքացիները, որոնք կընդունվեն բուհ և ի սկզբանե կկնքեն պայմանագիր, որ համաձայն են հետո իրենց ողջ գիտական ներուժն օգտագործել բանակի համար՝ նրանց կտրվի տարկետման իրավունք։ Այդ ուսանողները բակալավրիատն ավարտելուց հետո մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի ուսումնառությունը կանցնեն ռազմարդյունաբերության համալիրին կից ստեղծված համապատասխան հաստատությունում , որտեղ իրենց գիտական աշխատանքները կլինեն ռազմարդյունաբերության վերաբերյալ»։ 

ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հավելեց նաև, որ Կառավարությունը ներկայացրել է առարկություններ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նշեց, որ կառավարության ներկայացրած առարկությունների վերաբերյալ հիմնավորումները լսելուց հետո նոր որոշում կկայացնեն, որովհետև կառավարությունն է իրականացնելու այդ գործընթացը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն էլ հիշատակեց, որ  մենք ունենք ռազմարդյունաբերության համալիր, բայց տարբեր ռազմատեխնիկաներ վերցնում ենք այլ երկրներից։ Սասուն Միքայելյանը նաև առաջարկեց, որ ճիշտ կլինի՝ ռազմական ուսումնարաններում նման մասնագիտական ֆակուլտետ բացվի։ 

Սակայն Գևորգ Գորգիսյանը շեշտեց, որ ռազմական ինստիտուտներում սպաներ են պատրսատում՝ հրամանատարներ, իսկ իրենց նախագծով պետք է ստեղծվի առանձին գիտահետազոտական կենտրոն, որտեղ կարողանան դիմել տարբեր բուհերից, քանի որ պետք են լինելու գիտնականներ․ «Օրինակ մարդիկ, ովքեր պետք է ԱԹՍ-ների դեմ պայքարի միջոցներ առաջարկեն»։