Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի՝ կմոտենանք սահմանային դելիմիտացիային եւ դեմարկացիային․ ԱԱԾ փոխտնօրեն․Տեսանյութ

Երբ ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի՝ հնարավորություն կստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել եւ այդ ժամանակ կմոտենանք սահմանային դելիմիտացիային, դեմարկացիային։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Ստեփան Մելքոնյանը։

Խոսելով Սյունիքի մասին, Մելքոնյանն ասաց․ «Բնականաբար մենք չենք կարող ասել, որ ռազմաքաղաքական իրավիճակը Սյունիքում հանգիստ է եւ ռիսկեր ու մարտահրավերներ չկան։ Քանի դեռ այնտեղ իրավիճակը չի հանդարտվել եւ չի բարեկարգվել, իհարկե, ցանկացած ֆիզիկական անձի մոտ կարող է անհանգստություն առաջանալ»։


Հարցին, թե երբ է վերջին անգամ ԱԱԾ պետը գերիների հարցով հանդիպել ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ, Մելքոնյանը պատասխանեց. «Հստակ չեմ կարող ասել, բայց երեւի մեկ ամիս առաջ եւ դա չի նշանակում, թե կապ չկա։ Բացի անմիջական հանդիպումներից՝ հեռախոսային կապ գոյություն ունի»։

Խոսելով Սյունիքի սահմանների ճշգրտման մասին, ԱԱԾ պետի տեղակալն ասաց, որ ոչ միայն Սյունիքում, այլ նաեւ ամբողջ բնագծով՝ եւ՛ մեր,  եւ՛ նրանց կողմից  դիրքավորված են, որը  կարգավորված չէ։

 
Մելքոնյանի խոսքով՝ երբ ռազմաքաղաքական իրավիճակը հանդարտվի՝ հնարավորոթյուն կստեղծվի երկկողմանի հանձնաժողովներ ստեղծել եւ այդ ժամանակ կմոտենանք սահմանային դելիմիտացիային, դեմարկացիային։ «Ավելի հստակ կլինի մեր սահմանը, սահմանի հետ կապված ինժեներական աշխատանքները, դա միակողմանի գործընթաց չէ, եւ կապված է մեր հարեւանների վարքագծի հետ», - հավելեց նա։