Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՊՆ-ն ունի գիտական վաշտ»․ կառավարությունը դեմ է ԼՀԿ-ի՝ ռազմարդյունաբերության ոլորտում ուսանողներին տրվող տարկետման առաջարկին

«ՊՆ-ն ունի գիտական վաշտ»․ կառավարությունը դեմ է ԼՀԿ-ի՝ ռազմարդյունաբերության ոլորտում ուսանողներին տրվող տարկետման առաջարկին
Հայաստան
13:28, 29 апрель 2021
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ  կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը հեղինակել են ԼՀԿ պատգամավորները և առաջարկում են Ռազմարդյունաբերական համալիրին կից գիտական կենտրոն ստեղծել, որը ՀՀ-ում հավատարմագրված բուհերի հետ համատեղ կիրականացնի գիտահետազոտական ծրագրեր և այնտեղ սովորողներին կտրամադրվի տարկետում։ 

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը հիշատակեց, որ ՊՆ-ն ունի գիտական վաշտ և այնտեղ գտնվող երիտասարդներից մեկը եթե նորարություն բերի՝ ընդգծեց, որ չի կարծում, թե ՊՆ-ն կարող է չիրազեկել այդ մասին հանրությանը, կամ ինչ-որ մեկը կարող է խոչընդոտել այդ գիտական ներուժի ներդրմանը։ 

Արմեն Սարգսյանը հավելեց նաև, որ օրենքի նախագիծը քննարկվել է ՀՀ պաշտպանության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՀՀ ԿԳՄՍ նախարարությունների կողմից և արդյունքում կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի ընդունմանը։ 

«Ռազմարդյունաբերական համալիրի պահանջներից ելնելով պարտադիր զինվորական զորակոչից տարկետում կարող է տրվել ռազմարդյունաբերական ոլորտի պետական լիազոր մարմնում բարձրագույն կրթության երկրորդ կամ երրոդ մակարդակի կրթական ծրագրերի ուսումնառություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիներին, որոնց հետ կնքվում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ տարկետման տրամադրման և տարկետումը դադարեցնելու հարաբերությունները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ»,-առաջարկվող փոփոխությունը մեջբերեց ՊՆ փոխնախարարն ու հավելեց, որ նախագծի հիմնավորման համաձայն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նպատակային ուսումնառության համար տարկետման իրավունք է սահմանվում միայն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող քաղաքացիների համար, մինչդեռ որոշակի մասնագիտություններով որոշակի կրթական ծրագրով և հետբուհական բարձրագույն կրթական ծրագրերով կրթություն ստացող քաղաքացիների ներուժը ևս կարող է օգտագործվել զինված ուժերի մարտունակության բարձրացման նպատակով։

ՊՆ փոխնախարարի խոսքով կառավարության դիտարկումներում առկա են հետևյալ դրույթները․

«Նախագծում կիրառվում են հասկացություններ, որոնք չեն համապատասխանում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին և ռազմարդյունաբերական համալիրի մասին օրենքներով սահմանված նույնաբովանդակ կարգավորումներին։ Օրինակ՝ բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակների կրթական ծրագիրը վերը հիշատակված օրենքը չի նախատեսում։ Ռազմարդյունաբերական համալիրը՝ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի համաձայն հանդիսանում է գիտական, գիտարտադրական, արտադրական և այլ բնույթի կազմակերպությունների ու պետական կառավարման մարմինների համակարգ, որի պարագայում տարբեր կառույցներից բաղկացած  նշված համակարգը չի կարող բուհերի հետ իրականացնել համատեղ ծրագիր»։ 

Անդրադառնալով ուսանողներին տրվող տարկետման առաջարկին՝ Արման Սարգսյանը նշեց, որ օրենքի նախագծով հստակ կարգավորված չէ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ուսումնական ծրագրի ու դրա իրականացման ընթացակարգին վերաբերող դրույթները, տարբեր մակարդակներում տարկետում տրամադրող և ուսումնառության ընթացքում տարկետման դադարեցման հիմքերը, ինչպես նաև զինվորական ծառայությունն անցնելու պայմանագրի կնքման և ծառայության գործուղելու  ընթացակարգերի հարցերը։