Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիրան Խաչատրյանի գործով որպես երրորդ անձ ներգրավվեց ՀՀ ՊՆ-ն

Տիրան Խաչատրյանի գործով որպես երրորդ անձ ներգրավվեց ՀՀ ՊՆ-ն
Հայաստան
14:05, 29 апрель 2021
ՀՀ Վարչական դատարանում այսօր շարունակվեց «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանն  ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի» գործը։

Նիստի ժամանակ Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչը՝ հղում կատարելով ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածին, Մարդու իրավունքների եվրոպական ազատությունների պաշտպանության կոնվենցիայի 13-րդ հոդվածին, ասաց, որ չի ապահովվել Տիրան Խաչատրյանի լսված լինելու իրավունքը։

Վերջինս խոսեց նաև «Yerevan.today» լրատվական կայքում Տիրան Խաչատրյանի վերաբերյալ հոդվածի մասին՝ նշելով, որ քանի որ ժամանակագրական տեսանկյունից դեպքերի դասավորվածությունն այնպիսին է եղել, որ թե՛ հրամանագրի կայացումը, թե՛ նշված կայքի հոդվածի հրապարակումը տեղի է ունեցել միևնույն օրը, ենթադրաբար հաշվի է առնվում, որ ազատման հիմքում դրված է կայքում հրապարակված հոդվածը։ Սակայն հայցվորից բացատրություն չի պահանջվել այդ հոդվածի վերաբերյալ։

Տիրան Խաչատրյանի ներկայացուցչի խոսքով՝ ՀՀ նախագահը խախտել է ՀՀ սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասը։
Ըստ նրա՝ հապճեպ որոշումը կայացնելիս՝ նախագահը լիազորություն իրականացնելիս չի ապահովել անաչառություն։
 
Այսօրվա նիստում դատարանը որոշում կայացրեց ՀՀ ՊՆ-ին ևս սույն գործով ներգրավել որպես երրորդ անձ։

Այնուհետև դատավոր Մերի Համբարձումյանն ասաց, որ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել ևս մեկ նախնական դատական նիստ՝ դատավարության  նոր մասնակցին ներգրավելու, դատավարությանը մասնակից դարձնելու նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի ներկայացուցչի մասնակցությունը՝ գործի քննությանն ապահովելու և նաև լրացուցիչ ապացույց ձեռք բերելու նպատակով։   

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը՝ իրեն պաշտոնից ազատելու վերաբերյալ: