Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացվել տարածաշրջանային վերջին իրադարձությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին է ներկայացվել տարածաշրջանային վերջին իրադարձությունները
Հայաստան
12:21, 19 январь 2023
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամներն ու ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Խավիեր Կոլոմինային ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները եւ դրանց հետեւանքով ստեղծված իրավիճակը, անդրադարձել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը` ընդգծելով, որ Ադրբեջանը հերթական անգամ դիմել է սադրիչ գործողությունների:

ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը շնորհակալություն է  հայտնել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին արձագանքելու համար` կարեւորելով միջազգային հանրության ուշադրությունն ու հասցեական արձագանքը տեղի ունեցողին:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ներկայացնելով այցի նպատակը, նշել է, որ մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններով` հավելելով, որ ՆԱՏՕ-ն շահագրգռված է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ապահովմամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը բարձր են գնահատել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը: Հայկական կողմը եւս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` նպաստելու նոր քաղաքացիական առաքելության աշխատանքներին:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման եւ ընդլայնման հնարավորություններին: