Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եկան, իջան, ծեծեցին, խփեցին, գնացին»․ ինչ է պատմում զինված խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի գործով վկան

«Եկան, իջան, ծեծեցին, խփեցին, գնացին»․ ինչ է պատմում զինված խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի գործով վկան
Հայաստան
14:34, 29 апрель 2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է զինված խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանը լսեց վկաներին, որոնցից մեկը՝ վկա Սուլեյմանյանը պատմեց, որ 3 տարի առաջ ինքը ցուցարար է եղել և տեսել է՝ ինչպես է խումբը ծեծի ենթարկել ցուցարարներին։ «Եկան, իջան, ծեծեցին, խփեցին, գնացին»,-պատմեց վկան՝ հավելելով․ «Տեսել եմ մի մեքենա՝ կանաչ գույնի Մերսեդես, որ քշել է մարդկանց վրա։ Ոստիկանությունը ոչինչ չէր անում, ուղղակի կանգնած նկարում էր»։ 

Մասիսի քաղաքապետի փաստաբանի հարցին ի պատասխան վկան պնդեց, որ սադրանք չի տեսել ցուցարարների կողմից կամ, որ ցուցարարները հարվածեն մեքենային։ 

Նա պնդեց, որ կոնկրետ անձինք փորձել են խոչընդոտել ցույցը, բայց դա նրանց չի հաջողվել։ Վկան նշեց, որ քանի որ ցուցարարները քանակով ավելի շատ են եղել, գուցե դրա համար այդ խմբին չի հաջողվել խոչընդոտել ցույցը, իսկ ոստիկանությունը ուղղակի կանգնած նկարել է։ 

Մեղադրող կողմը միջնորդեց, որ դատարանում ընթերցվեն վկայի հարցաքննության արձանագրությունները, քանի որ դեպքից երեք տարի է անցել, և վկան այժմ չի հիշում մանրամասներ, որոնցով հնարավոր կլինի նույնականացնել ցուցարաներին հարվածողների անձը, իսկ ցուցմունքում կան այդպիսի մանրամասներ։ 

Դատարանը բավարարեց միջնորդությունը և դատավորն ընթերցեց վկայի ցուցմունքը, որտեղ վկան նշել էր, որ մեքենաներից դուր    ս են եկել 5 երիտասարդներ, սկսել քաշքշել ցուցարարներին, ապա՝ հարվածել վերջիններիս։ 

Ըստ վկա Սուլեյմանյանի՝ նախաքննական ցուցմունքի այդ օրվա միջադեպի ագրեսիվ մասնակիցներից մեկը, ով հարվածել է ցուցարարներին և դրսևորել ագրեսիվ վարքագիծ եղել է Մասիսի քաղաքապետի եղբայր Գոռ Աբրահամյանը, որին վկան չի ճանաչել, սակայն հետո համացանցից տեղեկացել է, որ վերջինս Մասիսի քաղաքապետի եղբայրն է։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը)
 և ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ  (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով։

Ըստ մեղադրանքի, Դավիթ Համբարձումյանը  2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։

Նշենք նաև, որ Դավիթ Համբարձումյանը Արարատի մարզի մի խումբ համայնքապետերի հետ պահանջում էր վարչապետի հրաժարականը և իր թիմով մասնակցում էր ընդդիմության հանրահավաքներին։