Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գորիս-Կապան ճանապարհով անցել եմ, միայն թուրքերն էին 100-150 մետրի վրա, ոչ մեր, ոչ էլ ռուսական սահմանապահ չեմ տեսել՝ մոտ երկու ժամ․ Սասուն Միքայելյան

Գորիս-Կապան ճանապարհով անցել եմ, միայն թուրքերն էին 100-150 մետրի վրա, ոչ մեր, ոչ էլ ռուսական սահմանապահ չեմ տեսել՝ մոտ երկու ժամ․ Սասուն Միքայելյան
Հայաստան
15:08, 29 апрель 2021
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց թե ինչպես է սյունեցիների անվտանգությունն ապահովվելու, քանի որ սահմանը դեռևս հստակեցված չէ․ «Այդ ժողովրդի անվտանգությունն ինչպե՞ս պետք է ապահովվի, այնտեղ ամեն պահի կարող է թուրքը մարդ տանի ճանապարհից»,-պատգամավորը հարցն ուղղեց  գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանին։

Ի պատասխան այս հարցի Մելքոնյանը նշեց, որ մեր սահմանապահ զորքերի կողմից այնտեղ տեղադրված են ուղեկալներ և նրանք իրականացնում են իրենց ծառայությունը՝ ապահովելու բնակչության անվտանգությունը․ «Այնտեղ սահմանային բնագիծը դեռ վերջնական դելիմիտացիա իրականացված չի և հակառակորդի կողմից նույն իրավիճակն է, նրանց մոտ էլ ամբողջ օրենսդրական մասով կանոնակարգված չի։ Այս պարագայում օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ լինում, որը կարգավորում են մեր սահամանապահ զորքերը։ 21 կմ Գորիսից Կապան՝ այդ ճանապարհը մի քանի անգամ մտնում է Ադրբեջանի տարածք, այդտեղ տեղակայված են նաև ռուսական սահմանապահ զորքերի կողմից պոստեր»,-հավելեց նա։

Սակայն Սասուն Միքայելյանը հակադարձեց գեներալ-լեյտենանտին՝ շեշտելով որ ամսի 15-ին է այդ ճանապարհով անցել և բացի թուրքերից  այլ սահմանապահ չի տեսել․ «Ես ամսի 15-ին եմ այնտեղով անցել, ավտոմեքենայի անիվը թողեց երկու ժամ կանգնել եմ ոչ մեր, ոչ էլ ռուսական սահմանապահների չեմ տեսել, թուրքերն են 100-150 մետրի վրա»։  
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ առաջարկեց, որ հաճախակի այդ տարածքով մեր սահամանապահ զորքերը ավտոմեքենայով շրջեն, որպեսզի մարդիկ ապահով զգան իրենց։ 

Իսկ սահմանապահ զորքերի ներկայացուցիչն էլ ընդգծեց, որ Գորիս-Կապան 21 կմ վիճահարույց ճանապարհի երկայքնով վերջին օրերին խտացվել են տեղակայման վայրերը և ներկա պահին քննարկվում է տեխնիկական միջոցներով ողջ ճանապարհահատվածը վերահսկողության տակ վերցնելու հարցը։ 

Հիշեցնենք, որ հանձնաժողովը քննարկում է «Պետական սահմանի» և «Վարչական իրավախախտումների» մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը։