Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ձեռքերով և ոտքերով բռնություն է գործադրվել, հնչել են հայհոյանքներ»․ Դանիել Իոաննիսյանը տեսել է Մասիսի քաղաքապետին դեպքի վայրում

«Ձեռքերով և ոտքերով բռնություն է գործադրվել, հնչել են հայհոյանքներ»․ Դանիել Իոաննիսյանը տեսել է Մասիսի քաղաքապետին դեպքի վայրում
Հայաստան
17:05, 29 апрель 2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվել է զինված խուլիգանության մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր և մյուսների գործով դատական նիստը։

Գործով վկա «Իրազեկ քաղաքացիների միավորման» խորագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը նշեց, որ ամբաստանյալներին այսօր տեսնում է երրորդ անգամ։ Առաջին անգամ տեսել է 2018 թվականի ապրիլի 16-ին՝ Հերացու փողոցի վրա, երկրորդ անգամ նախաքննության ժամանակ և երրորդ անգամ՝ այսօր։ Անձամբ ոչ մեկին չի ճանաչում, որևէ փոխհարաբերություն չունի։ Գործով տուժողների մասով վկան տեղեկություններ չունի։ 

Վկան նշեց, որ արդեն երեք տարի է անցել և շատ մանրամասներ գուցե չհիշի և նախաքննական ցուցմունքում ավելի մանրամասն է ներկայացրել։ Ըստ Իոաննիսյանի՝ ապրիլի 16-ին, Հերացի փողոցը փակած ցուցարարներին Նալբանդյան փողոցի կողմից մոտեցել է երկու մեքենա, կանգնել ցուցարարների առջև և փորձել մեքենաները վարել ցուցարարների ուղղությամբ, ապա իջել են մեքենաներից և սկսել բռնություն գործադրել ցուցարարների նկատմամբ։ Միջադեպը տևել է մոտ մի քանի րոպե, ապա այդ մարդիկ հեռացել են։ Վկան դժվարացավ նշել, թե քանի հոգով են եղել, բայց ամբաստանյալներին այդտեղ տեսել է։ Իոսաննիսյանը նշեց, որ ձեռքերով և ոտքերով հարվածելու միջոցով է բռնություն գործադրվել և հնչել են հայհոյանքներ։ «Ես տեսա որ ինչ-որ անձինք տուժեցին բռնության արդյունքում, բայց այդ անձանց չեմ ճանաչել, հիմա էլ չեմ ճանաչում և հիշում եմ, որ կային տուժածներ, որոնց օգնում էին մյուս ցուցարարները, ես բանակցում էի ոստիկանության հետ և բացատրում, որ իրենք պետք է կանխեին նման միջադեպը», - նշեց Իոաննիսյանը։

Վկան ամբաստանյալներից մեծ մասի անունները չգիտի, իրեն ծանոթ է վերջիններիս դեմքերը։ 

Իոաննիսյանը դժվարացավ հիշել, թե կոնկրետ ո՞ր երեք ամբաստանյալների հետ է եղել առերեսումը։ 

Հարցին, թե տեսե՞լ է, որ ցուցարարները հարվածեն մեքենաներին, կամ հայհոյեն, վկան ասաց, որ նման բան չի տեսել, նույնիսկ ինքնապաշտպանության համար, չի հիշում նաև մեքենաներին հարվածելու դեպք, բայց չի բացառում, որ ցուցարարներից ոմանք փորձած լինեն հարվածել այն մեքենաներին, որոնք ուզել են վրաերթի ենթարկել իրենց, և սա իր կարծիքով բնական ռեֆլեքս է, եթե իհարկե նման բան եղել է։

Վկան նշեց, որ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ մոտեցել են մեքենաներ, ապա  վարորդները և ուղևորները իջել են և սկսել ագրեսիվ պահվածք դրսևորվել։ Երբ փորձել են նաև վրաերթի ենաթարկել քաղաքացիներին, արդեն ինքը ուշադրությունը սևեռել է այդ կողմ և տեսել, որ վիճաբանությունը սկսվել է դրանից։ «Սկսվեց միջադեպը, ապա մեքենաներից իջան մարդիկ և սկսեցին հայհոյել և հարվածել ցուցարարներին »- ասաց Իոաննիսյանը։

Վկան դժվարացավ նշել, թե ինչքան ժամանակ է գտնվել միջադեպի վայրում, բայց այնտեղ եղել է միջադեպի սկսվելուց առաջ և հեռացել՝ ավարտից բավական հետո, որտեղ գտնվել է իր գործընկերներ Փիրուզա Պետրոսյանի և Ռաֆայել Աֆրիկյանի հետ։

Երբ սկսվեց միջադեպը վկայի նշելով ինքը եղել է միջադեպից մոտ 20-30 մետր հեռավորության վրա։ «Այն պահին, երբ ամբաստանյալներից մեկը իմ ուղղությամբ հարված հասցնելու շարժում արեց, ես հասկացա, որ ինձ ևս կարող է վտանգ սպառնալ, ես մի փոքր հեռացա։ Իրադարձությունները չէին ընթանում կոնկրետ մի կետում։ Իսկ հետո ամբաստանյալներին հաջողվեց բացել ճանապարհը և միջադեպը էքսպանսվեց», - ասաց Իոաննիսյանը։

Վկա Դանիել Իոաննիսյանն ասաց, որ առերես հարցաքննության ժամանակ հիշել է ամբաստանյալներից երեքին, բայց երեք տարի անց կարող է մոռացած լինել կոնկրետ անձնաց կատարած կոնկրետ գործողությունները։ Միայն կարող է ասել, որ միջադեպը սկսվելու պահին հենց էպիկենտրոնում չի եղել, գտնվել է մոտ 20 մետր հեռավորության վրա և տպավորվել է այն, որ վարորդները և ուղևորները մեքենաներից իջնելուն պես սկսել են բռնություն գործադրել՝ առանց ակցիայի մասնակիցների հետ բանակցություններ վարելու և պնդեց, որ չի կարող ասել՝ ամբաստանյալները վրաերթի փորձ են կատարել, թե՞ վրաերթի իմիտացիա, բայց կարծում է, որ կատարել են դրանցից որևէ մեկը՝ կամ իմիտացիա կամ փորձ, ապա բավականին սինխրոն իջել են մեքենաներից և միանգամից սկսել բռնություն գործադրել և նաև անհասցե հայհոյել։

Վկան պնդեց, որ հարվածներ էին հասցվում բոլորին՝ անկախ նրանից մարդիկ ցուցարար են թե՞ ոչ, կոպիտ ասած հարվածում էին, ով «ձեռքի տակ ընկնում էր»։

«Ինձ զարմացրեց, որ միջադեպը այդքան շուտ սկսվեց, որովհետև մեքենաները մոտեցան, ուղևորները իջան և միջադեպը անմիջապես սկսվեց՝ առանց լեզվակռվի, առանց բանավեճի, զարգացավ այնպես, կարծես նախօրոք պլանավորված էր բռնություն գործադրել», - ասաց Դանիել Իոաննիսյանը։ Ըստ վկայի՝ միջադեպի մասշտաբը այնքան մեծ էր, որ ոստիկանությունը վախեցավ միջամտել։

Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը)
և ՀՀ   քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ  (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով։

Համաձայն մեղադրանքի Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք։ Հասարակական կարգի խախտումը զուգորդվել է նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի եւ որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով եւ գույքը ոչնչացնելով։