Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առկա տեղեկությունների ու փաստերի համադրման արդյունքում բացառում եմ հրդեհի՝ դիվերսիոն կամ այլ բնույթի դիտավորյալ գործողությունների հետևանք լինելը. Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջը հիմնավոր չէ

Առկա տեղեկությունների ու փաստերի համադրման արդյունքում բացառում եմ հրդեհի՝  դիվերսիոն կամ այլ բնույթի դիտավորյալ գործողությունների հետևանք լինելը. Պաշտպանության նախարարի հրաժարականի պահանջը հիմնավոր չէ
Հայաստան
18:13, 19 январь 2023
Գեղարքունիքի մարզում տեղակայված զորանոցներից մեկում տեղի ունեցած ողբերգությունը,  որի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող,  որոշ շահագրգիռ ուժեր օգտագործում են քաղաքական նպատակներով և, առաջ ընկնելով նախաքննությունից, արդեն իսկ  կարգել են «գլխավոր մեղավորներ», «քավության նոխազներ»՝ պահանջելով մասնավորապես վարչապետի և պաշտպանության նախարարի հրաժարականը։  Ֆեյսբուքյան արշավին միացել են հայտնի հանրային դեմքեր, նախկին քաղաքական գործիչներ, և ամեն մեկն իր տեղեկացվածության շրջանակներում մեկնաբանում է տեղի ունեցածը։ 

Նախկին պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ  Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.  «Էս Պապիկյանը հրաժարական տալու հավես չունի հա՞ ոնց որ։ ...Ու ես իրավունք ունեմ լեգիտիմ կասկած ունենալու, որ սա ադրբեջանական հերթական դիվերսիան եղած լինի կամ՝ քո ստեղծած բանակային բարդակը։ Արա, ԳՆԱ՛ էլի, ԳՆԱ՛»։ 

Մեկ այլ գործիչ՝ «Ազգային օրակարգ» կուսակցության ղեկավար Ավետիք Չալաբյանը, իր գրառման մեջ մասնավորապես նշել է. «Սա մեր բանակի պատմության մեջ ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած ամենամեծ կորուստն է և հսկայական ողբերգություն բոլոր այն ընտանիքների համար, որոնք այս պատահարի արդյունքում զրկվել են իրենց որդիներից»։ Չալաբյանը  պահանջել է  «խստագույն պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ում պաշտոնական գործողությունների կամ անգործության պատճառով տեղի է ունեցել այս սոսկալի ողբերգությունը»։ Նշենք, որ նախկինում ևս թե ՀՀ, թե Արցախի զինված ուժերում ողբերգական պատահարներ են արձանագրվել, որոնց հետևանքով  ունեցել ենք զոհեր։

Նշենք, որ  15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի կապակցությամբ պաշտոնանկ են արվել ՊՆ մի շարք պաշտոնյաներ, ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել  են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:

ՔՕ 532-րդ հոդվածը  վերաբերում է զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելուն և պատիժ է սահմանում, մասնավորապես սույն հոդվածի 4-րդ մասը՝ ազատազրկում՝ չորսից ութ տարի ժամկետով:

Civic.am-ը տեղի ունեցած ողբերգական միջադեպի, պաշտպանության նախարարի հրաժարականի և այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ։
 
- Պարոն Խաչատրյան, տեղի ունեցածից հետո ոմանք պահանջում են պաշտպանության նախարարի հրաժարականը՝ որպես գերատեսչության ղեկավարի և «թիվ մեկ մեղավորի»։ Ըստ Ձեզ՝ հիմնավոր, արդարացի՞ է նման պահանջը։ 

 - Այս պահին պաշտպանության նախարարի հրաժարական պահանջելը արդարացված և հիմնավոր չէ։  Նախարարի հրաժարական կարող է պահանջվել այն դեպքում, երբ օբյեկտիվ, բազմակողմանի գնահատական է տրվում նրա գործունեությանը։ Պարոն Պապիկյանի աշխատանքը մենք մի շարք ուղղություններով դրական ենք գնահատում և կարծում ենք, որ նա դեռևս շատ անելիքներ ունի որպես պաշտպանության նախարար՝ բանակի վերակազմավորման, բարեփոխումների և այլ ուղղություններով։ Եվ երկրորդ՝ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական վարույթ, որի շրջանակներում բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննություն կիրականացվի, կպարզվեն պարզաբանման ենթակա բոլոր հանգամանքները՝ ինչու է տեղի ունեցել դեպքը, ում մեղավորությամբ, և մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում և իրավական դաշտում։ Ես հասկանում եմ նաև հուզական այս վիճակը, սպասելի էր, որ նման հայտարարություններ և պահանջներ կլինեն, բայց մենք պետք է ողջախոհության շրջանակներում մնանք, հարցը վերաբերում է հայոց բանակին։  Եվ կրկնում եմ՝ Պապիկյանի հրաժարականի պահանջը գնահատում եմ ոչ հիմնավոր։ 

- Հայտնի է, որ միջադեպից հետո ՊՆ մի շարք պաշտոնյաներ  ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ Այսպիսի օպերատիվ պաշտոնանկությունը արդյոք ենթադրո՞ւմ է, որ արդեն իսկ ապացուցված է նրանց մեղավորությունը տեղի ունեցածում,  թե՞, ինչպես որոշ հանրային դեմքեր են նշում, այսպիսով «քավության նոխազներ» են կարգվել՝ պատասխանատվությունից ազատելով ավելի բարձր օղակների։  Այս համատեքստում մի հարցադրում էլ՝ պաշտոններից ազատվածները արդյոք նախկինում թերացե՞լ են իրենց պարտականությունները կատարելիս, կարգապահական տույժերի ենթարկվե՞լ են։   

- Յուրաքանչյուր զինծառայողի, սպայի անձնական գործում ինչ խրախուսանքներ և ինչ կարգապահական բնույթի տույժեր կան՝ չեմ կարող ասել։ Ինձ թվում է, որ նրանց պաշտոնից ազատման հիմքը  և պատճառը հանդիսացել է հենց այս դեպքը, քանի որ ինչպես պաշտպանության նախարարը մեկնաբանեց՝ նրանք որևէ կերպ կապ են ունեցել դեպքին.  գուցե այդտեղ վերահսկողական խնդիրներ են եղել, թույլ վերահսկողություն է եղել, հրամանների՝ ճիշտ ժամանակին և ճշգրիտ կատարման հետ կապված խնդիրներ են եղել։ Այս ամենը համակողմանի քննության ժամանակ պարզ կդառնա։   Կարգապահական բնույթի միջոցառում է պաշտոնից ազատելը և ոչ թե քրեական։ Քրեական վարույթի ընթացքում անդրադարձ է կատարվելու նրանց կատարած և չկատարած գործողություններին և դրանց գնահատական է տրվելու արդեն իսկ քրեական վարույթի շրջանակներում։ 

- Շրջանառության մեջ է դրվել նաև դիվերսիայի վարկածը։ Այսօր ձեռքի տակ ունեցած փաստերի համադրությունը ի՞նչ է հուշում, բացառվա՞ծ է դիվերսիայի վարկածը։ 

- Առկա տեղեկությունների ու փաստերի համադրման արդյունքում կոնկրետ ես այն եզրահանգումը կարող եմ անել, որ անվտանգության կանոնների խախտման հետևանքով է դեպքը տեղի ունեցել, ես այդ վստահությունն ունեմ և բացառում եմ հրդեհի՝  դիվերսիոն կամ այլ բնույթի դիտավորյալ գործողությունների հետևանք լինելը։ 

- Դիվերսիայի վարկածին հակվածները վկայակոչում են ՆԱՏՕ-ի պատվիրակության ՀՀ-ում լինելը, ինչպես նաև հրդեհից ժամեր առաջ պաշտպանության նախարարի, ԱԽ քարտուղարի  հանդիպումը, հեռախոսազրույցը ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ պաշտոնատար անձանց հետ, որոնց ժամանակ «քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորությունները», «մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ»։ Գուցե դրսի ինչ-որ շահագրգիռ ուժերի անհանգստացնո՞ւմ են ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններն ու իրենց անհանգստությունն արտահայտում են տեղի ունեցած պատահարի տեսքո՞վ։ 

- Նման վարկածը խելացնորության ժանրից է։ Այս հանդիպում-քննարկումները որևէ կապ չունեն տեղի ունեցածի հետ։ Այդ հանդիպումները բավական դրական արդյունքներ են տալու և շարունակական են լինելու։ Տեղի ունեցած քննարկումները առաջին անգամ չէ, որ տեղի են ունենում ՆԱՏՕ-ի և ՀՀ պաշտոնատար անձանց միջև, եղել են, կան և շարունակվելու են ապագայում։

- Այսօր  ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամները հանդիպել են Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Մասնավորապես, ի՞նչ հարցեր եք քննարկել, ինչպե՞ս եք գնահատել հանդիպումը։

- Հանդիպումը գնահատում եմ շատ դրական, հարցերի շրջանակը առնչվել է մի շարք խնդիրների։ Հանդիպմանը մասնակցել են և իշխանական, և ընդդիմադիր պատգամավորները։ Մեզ հետաքրքրող հարցերն առաջադրել ենք, քննարկել ենք, պարզաբանել ենք։ Իհարկե, հարցերի հիմնական մասը  վերաբերել է ՀՀ և Արցախցի անվտանգությանը, Լաչինի միջանցքի փակմանը։ Նաև ողջունել ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ՀՀ  ԵՄ դիտորդներ ուղարկելու մասով և հայտնել ենք, որ դա բավական գործուն միջոց է՝ օբյեկտիվ իրականությունը ամբողջ աշխարհին ներկայացնելու, նոր ռազմական էսկալացիաները սանձելու համար։ 

- Արձանագրենք՝ ընդդիմությունը նույնպես մասնակցել է այսօրվա հանդիպմանը. իրենց ի՞նչ հարցեր էին հետաքրքրում։  

- Ընդդիմության և մեր հարցերի շրջանակը գրեթե նույնն էր, գրեթե չէր տարբերվում։ 




Հեղինե Մանուկյան