Քաղաքացիակենտրոն
լրատվություն

33 տարի առաջ Բաքվի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին. 250 հազար մարդ դարձավ փախստական․ հազարավոր քաղաքացիներ պատգամավորների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին

«Ադրբեջանում ջարդերը սկսվել են 1988թ. Սումգայիթից, շարունակվել են Շամխորում, Կիրովաբադում, Մինգիչաուրում և փաստացի ավարտվել են Բաքվի դեպքերով, հավանաբար այն պատճառով, որ Բաքվում բնակվել է Ադրբեջանի ամենամեծ համայնքը, որը կազմել է300.000 հայ։ Եվ տեղի է ունեցել Ադրբեջանի Հանրապետության կողմից հայերի ջարդ տարիների ընթացքում»,- Civic.am-ի հետ զրույցում ասում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։  

Այսօր՝ հունվարի 19-ին, Բաքվի հայերի ջարդի 33-րդ տարելիցն է։ Ծիծեռնակաբերդում՝ Բաքվի հայերի ջարդի հուշակոթողի մոտ, անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցից Հայաստանի բուհերի հազարավոր ուսանողներ իրենց դասախոսական կազմով։ Ներկա էին նաեւ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ինչպես նաեւ պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սարգիս Խանդանյանը։

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ-հիմնադրամի Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների բաժնի գիտաշխատող Գայանե Հովհաննիսյանը նշում է. «Ադրբեջանում հայատյացությունը դրսևորվել է 1988թ. փետրվարին՝ արցախյան հիմնահարցի վերաբացումից հետո։ Բաքվի ջարդերը տեղի են ունեցել 1990թ. հունվարին, մենք դրանք պետք է դիտարկենք 1988-90թթ. Ադրբեջանում հայ բնակչության նկատմամբ իրագործված էթնիկ բռնությունների և հայատյացության հակահայ քաղաքականության համատեքստում։

Հայատյացությունը Ադրբեջանում հատկապես դրսևորվեց 88թ. փետրվարին արցախյան հիմնահարցի վերաբացումից հետո, և դրա առաջին դրսևորումը եղավ Սումգայիթում՝ 1988թ. փետրվարին հայ բնակչության ջարդը։» Սումգայիթի հայերի ջարդը չի արժանացել համապատասխան իրավական գնահատականի, և Ադրբեջանում ստեղծվել է անպատժելիության մթնոլորտ, ինչն էլ նպաստել է հայերի նկատմամբ բռնությունների շարունակական ընթացքին։ «Հակահայկական բռնությունների հաջորդ օջախը Ադրբեջանում դարձավ

Կիրովաբադ քաղաքը, այնուհետև 90թ. հունվարի սկզբից արդեն Բաքու քաղաքը»,- հավելում է գիտաշխատողը։ Բաքվում հակահայկական բնույթի ցույցերը սկսվել են հունվարի 11-ից, իսկ հունվարի 13-ին ձեռք են բերել զանգվածային բնույթ։ Գայանե Հովհաննիսյանը նշում է՝ ցույցերի ընթացքում ադրբեջանցիների կողմից  հնչում էին կոչեր՝ «մահ հայերին», «փառք Սումգայիթի հերոսներին»։ Այնուհետև ցույցերը վերաճել են հակահայ բռնության՝ ձևավորվել են ջարդարարների խմբեր։ «Քաղաքի փողոցներում սկսեցին փնտրել և սպանել հայերին։ Զոհերի թվաքանակի մասին ստույգ տեղեկություններ չկան, որովհետև Բաքվի ջարդերը չեն հետաքննվել, և դատավարական գործընթաց չի իրականացվել, որ հնարավորություն կտա պարզել զոհերի թվաքանակը»,- նշում է Գայանե Հովհաննիսյանը։  

Ըստ վկայությունների՝ զոհերի թվը տատանվում է մի քանի հարյուրից հազարի սահմաններում։ Գիտաշխատողի խոսքով՝ հայ բնակչության ջարդերի նպատակը Բաքվում միայն էթնիկ զտումը չէր, կան բազմաթիվ վկայություններ, որտեղ նշվում է, որ Բաքվում իրագործված ջարդերը նպատակ ունեին ֆիզիկապես ոչնչացնելու այնտեղ ապրող հայերին. «Եվ դրա վառ օրինակն է այն, որ Ադրբեջանի ժողճակատի անդամների կողմից նավահանգստում՝ լաստանավերի վրա իրականացվում էին հայերի բացահայտում, նրանց սպանություններ կամ այլ տեսակի բռնություններ»։ Հայաստանի Գերագույն խորհրդի կողմից ընդունված 1990թ. փետրվարի որոշման մեջ նշվում է, որ Բաքվի և Ադրբեջանի այլ հայաբնակ շրջաններում հայերի ջարդերը դիտարկվում են հայ ժողովրդի նկատմամբ թուրքերի կողմից ցեղասպանական քաղաքականության շարունակություն։ Գիտաշխատողը հավելում է՝ 1990թ.հունվարի դրությամբ Ադրբեջանի հայ բռնագաղթածների թվաքանակը եղել է մոտ 250.000։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարա Մարտիրոսյան