Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս ճանապարհը ավելի կարճ է և լուծում է Տաթևի ոլորանների խնդիրը. խոշոր բեռնատարների համար ավելի հարմար է. Նախարարը` Տաթև-Լծեն նոր ճանապարհի մասին

Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանը Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանի հետ այսօր այցելել էր Սյունիք: Նախարարը և դեսպանը ծանոթացան Շամբ-Լծեն և Տաթև-Լծեն ճանապարհի կառուցման աշխատանքներին։

Նախարար Սանոսյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց, որ Շամբ-Լծեն ճանապարհի ընդհանուր երկարությունը 6 կմ է, իսկ Տաթև-Լծենինը՝ 20:  Շամբ-Լծեն ճանապարհի 5 կմ-ն արդեն ասֆալտապատվել է, մնացած հատվածը կասֆալտապատվի առաջիկայում։ Տաթև-Լծենից էլ պատրաստ է ճանապարհի 19 կիլոմետրը։  

«Բացի դաշտում իրականացվող աշխատանքներից, նաև իրավաբանական գործընթաց ունենք, որպեսզի այս նոր կառուցվող ճանապարհներին տանք հանրապետական նշանակության ճանապարհի կարգավիճակ»,- ասաց նախարարը։  Ըստ նախարարի՝ այս ճանապարհը ավելի կարճ է և խոշոր բեռնատարների համար՝ ավելի հարմար։ «Ճանապարհների պարամետրերը հաշվի առնելուց նաև գլխավորապես դա ենք հաշվի առել, որ բեռնատարների համար ավելի հարմար լինի։ Այս ճանապարհը իր կարգով ավելի բարձր է, քան նախորդ ճանապարհը, որ ունեինք, իսկ լայնությունը մեր մյուս ճանապարհների լայնության է՝ 6,6 մետր»,- ասաց Սանոսյանը։

 Անդրադառնալով Հյուսիս-հարավ ճանապարհի Սյունիքի հատվածի աշխատանքներին՝ նախարարը նշեց, որ եթե ամեն ինչ նախատեսվածով գնա, ապա կկառուցվի 5-6 տարի անց, հետևաբար մինչ այդ Տաթև-Լծեն այս ճանապարհը կհեշտացնի Իրանի հետ առևտրաշրջանառությունը և կխթանի երկու երկրների տնտեսական զարգացմանը։