Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առողջապահության նախարարությունը Հաշվեքննիչ պալատին տրամադրել է սահմանափակ տեղեկատվություն՝ անհնար դարձնելով հաշվեքննության համար սահմանված հարցերի գնահատումը․ ՀՊ ներկայացուցիչ

Այսօր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային ու առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղի ունեցավ Հաշվեքննիչ պալատի երկու ընթացիկ եզրակացությունների քննարկումը։

Դրանցից մեկը առողջապահության նախարարությունում սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունն էր, մյուսը՝ առողջապահության նախարարությունում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայությունների նկատմամբ իրականացված հաշվեքննության արդյունքների վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի ընթացիկ եզրակացությունը։ 

Հիմնական զեկուցող՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի 7-րդ վարչության պետ Խաչիկ Փափազյանը, ներկայացնելով առաջին եզրակացությունը, ասաց, որ սոցիալապես անապահով և առանձին խմբերի անձանց բժշկական օգնության ծառայությունները հաշվեքննելու ընթացքում հիմնական արձանագրումը վերաբերում է հաշվեքննությանն անհրաժեշտ տեղեկատվության սահմանափակմանը։ 

«Այստեղ պալատն ունեցել է բավականին լուրջ խնդիր՝ կապված տեղեկատվության տրամադրման հետ, հիմնականում սահմանափակ տեղեկատվության տրամադրումը, իսկ առանձին դեպքերում դրանց բացակայությունն էականորեն սահմանափակել է հաշվեքննության շրջանակը, ինչը հանգեցրել է կատարողականի հաշվեքննության համար սահմանված հարցերի գնահատման անհնարինությանը։ Մասնավորապես, նախարարության կողմից չի տրամադրվել ծրագրի շրջանակներում ծառայություններից օգտված և էլեկտրոնային  առողջապահության «ԱՌՄԵԴ» համակարգում արձանագրված դեպքերի շահառուների նույնականացման, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրված ուղեգրերի վերաբերյալ տեղեկատվություն, ինչի արդյունքում հնարավորություն չի ընձեռվել համադրելու շահառուների և վերջիններիս մատուցած ծառայությունների ֆինանսավորման հիմքում ընկած ցուցանիշները և դրանց հավաստիությունը, ինչպես նաև ներկայացված հաշվետվություններում արտացոլված տեղեկատվության արժանահավատությունը»,-ասաց հիմնական զեկուցողը։

Նա նաև նշեց, որ այդ իրավիճակը հնարավորություն չի ընձեռել գնահատելու միջոցառման նպատակային արդյունավետությունը, քանի որ նախարարությունն անհրաժեշտ տեղեկատվությունն ամբողջությամբ և ժամանակին չի տրամադրել, ինչպես նաև իր տնօրինման տակ չի ունեցել ծրագրերի հիմքում դրված նպատակային ցուցանիշների հստակության հավաստիության վերաբերյալ ամբողջական տվյալներ։  
«Հաջորդ հարցը վերաբերում է գների ձևավորմանը և հաշվարկմանը։ Հաշվեքննության ընթացքում և հաշվետու ժամանակահատվածում, թեև առողջապահության նախարարի հրամանով սահմանվել և կիրառվել են պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գները, սակայն դրանց ձևավորման, հաշվարկման և գոյացման մեթոդաբանության վերաբերյալ տեղեկատվություն չի տրամադրվել։ Նախարարութունում չեն ներդրվել միջոցառման շրջանակում կանխատեսվող ծառայությունների քանակների և գների հաշվարկման կիրառելի մեթոդաբանություններ, որոնց չլինելը ծառայությունների գերակշիռ մասի համար կլինիկական ուղեցույցների բացակայության հետ մեկտեղ հանգեցրել է միջոցառման շրջանակում օգտագործված, ռեսուրսներով առավելագույն  արդյունքին հասնելու վերաբերյալ հաշվեքննության, դատողության գրեթե անհնարինության»,-ասաց Խաչիկ Փափազյանը։      
   
Հիմնական զեկուցողից ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հետաքրքրվեց, թե ինչով է Հաշվեքննիչ պալատը բացատրում տեղեկատվության ոչ լիարժեք ստացումը, ինչին ի պատասխան Խաչիկ Փափազյանն ասաց, որ ունեն տարբեր պատճառաբանություններ՝ սկսած անձնական գաղտնիքից, օրենսդրական խնդրից մինչև «ԱՌՄԵԴ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգից համապատասխան ձևաչափով արտահանման և Հաշվեքննիչ պալատին տրամադրման։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն էլ, դիմելով հիմնական զեկուցողին, ասաց, որ ոչ լիարժեք տեղեկատվության հիման վրա ներկայացված հաշվետվությունը չի կարող լինել ամբողջական։ Արթուր Խաչատրյանին արձագանքելով՝ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը նշեց, որ նրա ասած  մտքերի մի զգալի մասի հետ համաձայն է, բայց նույնիսկ այն, որ այստեղ գալիս են եղրակացության, որ գործող օրենսդրական կարգավորումներով իրենք չեն կարող գալ այն եզրակացության, որին ուզում են գալ, դա արդեն իսկ կարևոր եզրահանգում է։

 ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանն էլ առաջարկեց, որ սրան հաջորդի այն, ինչը որ օրենքով կարգավորված է։ 
Հարակից զեկուցող՝ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանն էլ, խոսելով ծառայությունների գների մասին, ասաց, որ գները հաշվետու ժամանակաշրջանի համար որոշված են եղել կառավարության որոշմամբ սահմանված կարգով, համաձայն որի՝ հիմք են ընդունվել միջին շուկայական գները, ակտուարական հաշիվները, ինչպես նաև բժշկական կազմակերպությունների, մասնագիտական միությունների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկները։

Նիստի ավարտին Նարեկ Զեյնալյանն առաջարկեց նախարարին փոխանցել, որ առողջապահության նախարարությունը մի քիչ ավելի համագործակցող լինի, քանի որ Հաշվեքննիչ պալատը այն, ինչ իրականացնում է, նախարարությանն օգնելու, աջակցելու համար է, վեր հանելու այն խնդիրները, այն բացթողումները,  միգուցե թերությունները, որոնք կան, և հնարավորություն ընձեռելու դրանք շտկելու և ավելի արդյունավետ կազմակերպելու աշխատանքը։   
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան