Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ ԶԼՄ-ները, որոնք սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, նույնիսկ այսպիսի ողբերգություններն են օգտագործում այդ նպատակով․ Աշոտ Մելիքյանը՝ 15 զինծառայողների զոհվելու կադրերը հրապարակելու մասին

Մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ ԶԼՄ-ները, որոնք սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի շահերը, նույնիսկ այսպիսի ողբերգություններն են օգտագործում այդ նպատակով․ Աշոտ Մելիքյանը՝ 15 զինծառայողների զոհվելու կադրերը հրապարակելու մասին
Հայաստան
17:37, 21 январь 2023
Երեկ երեկոյան 5-րդ ալիքով և համանուն հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջով տարածվեց մի տեսանյութ՝ հետևյալ վերնագրով՝ «15 զինվորի զոհվելու պահը. բացառիկ կադրեր զինվորական կացարանի հրդեհից»։ Տեսանյութի հրապարակումից հետո համացանցում մեծ աղմուկ բարձրացավ և երեկվանից սկսվել է 5-րդ ալիքը փակելու կոչով ֆլեշմոբ։

Խնդրի վերաբերյալ Civic.am-ը զրուցել է «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։

«Ես կարծում եմ, որ զուտ լրագրողական էթիկայի տեսանկյունից, եթե նայենք, 5-րդ ալիքի այս քայլը որևէ քննադատության չի կարող դիմանալ, և եթե նույնիսկ մի կողմ թողնենք լրագրողական էթիկան, զուտ մարդկային, բարոյականության տեսանկյունից դիտարկենք, ապա պետք է ասել, որ այդ տեսանյութը որևէ լրացուցիչ ինֆորմացիոն նշանակություն մեծ հաշվով չի ունեցել։ Այստեղ ուղղակի մի նպատակ է ունեցել այդ լրատվամիջոցը՝ հանրությանը էլ ավելի խիստ շոկի մեջ մտցնել։ Որովհետև այս առումով նույնիսկ փորձ չի արվել մտածել, որ զոհվածների հարազատներին հասանելի դառնալուց հետո նրանք ուղղակի լրացուցիչ շոկ են ապրելու և միշտ հնարավորություն են ունենալու դիտել և այդ ցավը էլ ավելի խորանալու է և ուղեկցելու է նրանց ամբողջ կյանքի ընթացքում»,- ասաց Աշոտ Մելիքյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս ամենի մասին նախևառաջ լրատվամիջոցը պետք է մտածի, եթե գործում է պրոֆեսիոնալ դաշտում, և զուտ մարդկային առումով է այս ամենն ասում, իսկ լրագրողական էթիկան ուղղակի պահանջում է նրբանկատ լինել՝ նման ողբերգությունները լուսաբանելիս, և հասկանալ, որ որևէ անզգույշ քայլ կարող է լրացուցիչ ցավ պատճառել զոհվածների հարազատներին։

«Եվ կարծում եմ, որ տվյալ պարագայում արդեն նույնիսկ 5-րդ ալիքի պարզաբանումը առ այն,  որ այդ տեսանյութում հնչող ձայները դա ոչ թե վառվող զինծառայողների ձայներն են, այլ օգնության հասած գյուղացիների, դա որևէ նշանակություն չի ունենում։

Որովհետև,տեսանյութից դատելով, հատկապես, եթե հարազատներն այդ ամենը տեսնեն, իհարկե նրանց համար այլ պատկեր է այդտեղ հայտնվելու, որովհետև ամեն դեպքում իրենք տեսնում են, որ այդ կրակի մեջ է այրվում իրենց հարազատը, իրենց որդին»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Վերջինս կարծում է, որ այսպիսի դեպքերը նաև լրագրողական հանրության շրջանում քննարկման առարկա պետք է դառնան, և առհասարակ, եթե նույնիսկ մեծ գայթակղություն է լինում այդպիսի սիրողական կադրեր հրապարակել, ապա դա նույնպես ունի իր մասնագիտական մոտեցումը, դրա համար պետք է նախօրոք ներածական մի քանի բան ասել, որ այդ տեսարանը ճնշում և ցավ կարող է առաջացնել հեռուստադիտողի մոտ և ում նյարդերը թույլ են, անջատեն կամ փոխեն ալիքը, որից հետո միայն ցուցադրեն, եթե ծայրահեղ անհրաժեշտություն է լինում։

Սակայն Աշոտ Մելիքյանը կարծում է, որ տվյալ պարագայում այդպիսի ծայրահեղ անհրաժեշտություն չկար, քանի որ հասկանալի է, որ այդպիսի լրացուցիչ ինֆորմացիա այդ տեսանյութն իր մեջ մեծ հաշվով չունի։

Խոսելով նաև այն մասին, թե նման իրավիճակ ինչ պետք է անի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, Աշոտ Մելիքյանն ասաց, որ հանձնաժողովը պարտավոր է գնահատական տալ այս քայլին, և ինչը նրա ուղիղ պարտականությունն է։ 

«Եվ կարծում եմ, որ անհրաժեշտ կլինի, որպեսզի սրան անդրադարձ և գնահատական տրվի նաև ԶԼՄ-ների ինքնակարգավորմամբ զբաղվող կառույցների կողմից։ Կարծում եմ, որ այդպիսի վերլուծություն կամ փորձագիտական կարծիք իմաստ ունիպատրաստել և տարածել, որովհետև այսպիսի ողբերգական դեպքերըհատկապես մեր պարագայում, երբ պատերազմական գործողությունները ժամանակ առ ժամանակ թեժանում են,պետք է դասեր քաղել և իմանալ, թե այդ իրադարձությունները ինչպես է պետք լուսաբանել, որպեսզի լրացուցիչ ցավ չպատճառել և՛ զոհվածների հարազատներին, և՛ առհասարակ հասարակությանը»,-ասաց Աշոտ Մելիքյանը։

Հարցին, թե ի վերջո այս ամենը ինչպես պետք է կարգավորվի, քանի որ տարիներ շարունակ խոսվում է այդ մասին, սակայն ամեն մի ծանր դեպքից հետո մենք տեսնում ենք նույն պատկերը, որոշ ԶԼՄ-ների մոտ, Աշոտ Մելիքյանն ասաց, որ առհասրաակ այդ եզրը շատ նուրբ է, բայց ամեն ինչ շատ սերտ կապ ունի լրագրողական գիտելիքների, մասնագիտական ունակությունների հետ, և ամենակարևորը՝ կախված է ցանկությունից՝ աշխատել հանրային շահի համար, և ոչ թե ինչ-որ քաղաքական շրջանակների համար։

«Այո, մեր ամբողջ ողբերգությունն այն է, որ լրատվամիջոցները, որոնք սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի շահերը,նույնիսկ այսպիսի ողբերգություններն են օգտագործում այդ նպատակով»,-եզրափակեց Աշոտ Մելիքյանը։ 

Նշենք, որ այսօր 5-րդ ալիքի տարածած տեսանյութի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը։

Լիլիթ Թադևոսյան