Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Էս ինչ արեցի ես․․․»․ վառարանի մեջ բենզին լցնող կապիտանը զորանոցի դիմաց փորձել է ինքնասպան լինել․ հարցաքննված կապիտանը ինքն է հայտնել, որ փորձել է բենզին լցնել վառարանի մեջ․ նոր մանրամասներ

«Էս ինչ արեցի ես․․․»․ վառարանի մեջ բենզին լցնող կապիտանը զորանոցի դիմաց փորձել է ինքնասպան լինել․ հարցաքննված կապիտանը ինքն է հայտնել, որ փորձել է բենզին լցնել վառարանի մեջ․ նոր մանրամասներ
Հայաստան
20:49, 21 январь 2023
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում:  
 
Ողբերգական հրդեհի արդյունքում մահացան 15 զինծառայողներ։
 
Ըստ MediaNews-ի տեղեկությունների՝  մինչ հրդեհի բռնկվելը կացարանի դիմաց կանգնած զինծառայողներից մեկը նախաքննական մարմնին հայտնել է, թե վաշտի հրամանատարը՝ կոչումով կապիտանը դուրս է եկել կացարանից և բենզին է ուզել (վառարանի կրակը թեժացնելու համար)։ Այնուհետև արդեն գիշերը 1:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել կացարանում, կացարանի մուտքը արգելափակվել է, քանի որ վառարանը եղել է մուտքի մոտ, իսկ զինծառայողները չեն կարողացել դուրս գալ կացարանից, քանզի պատուհանների վրա էլ եղել են ճաղավանդակներ։
 
Դրսում գտնվող զինծառայողները, հրդեհի սարսափելի հետևանքները պատկերացնելով, փորձել են ՊՆ բեռնատարի միջոցով քանդել կացարանի պատերը, որպեսզի  ներսում գտնվողները կարողանան դուրս  գան։

Հավելենք, որ հրդեհի բռնկումից հետո վաշտի հրամանատարին, ով  բենզին էր լցրել վառարանի մեջ, հաջողվել է փրկվել՝ արագ դուրս գալով զորանոց ծառայող կացարանից։ Սակայն հրդեհի արդյունքում կապիտանը ստացել է այրվածքներ, այժմ  գտնվում է հոսպիտալում։ Դեպքից անմիջապես հետո հարցաքննված կապիտանը ինքն է հայտնել, որ փորձել է բենզին լցնել վառարանի մեջ, ինչի արդյունքում էլ զորանոցում հրդեհ է բռնկվել։
 
Ի դեպ, ականատեսների վկայությամբ զորանոցից դուրս եկած կապիտանը գիտակցելով աղետալի հետևանքները՝ դեռևս հրդեհվող կացարանի դիմաց փորձել է ինքնասպան լինել։
 
«Էս ինչ արեցի ես, զենք  տվեք,  տվեք  ես ինձ  խփեմ․․․»,- ականատեսների պատմելով դեռևս այրվող զորանոցի դիմաց գոռում էր կապիտանը։

Լուսանկարում պատկերված ՊՆ բեռնատարի վրա դեռևս մնացել են շինության քարերից կտորներ։