Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մատաղի նման ընդունելի է»․ Գևորգ Պետրոսյանը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկի մասին

«Մատաղի նման ընդունելի է»․ Գևորգ Պետրոսյանը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների առաջարկի մասին
Հայաստան
12:16, 30 апрель 2021
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ ՀՀ Սահմանադրությամբ մարդը և իր արժանապատվությունը բարձրագույն արժեք են և իր արժանապատվությունը վիրավորելը պետք է ավելի խիստ պատժվի։ Գևորգ Պետրոսյանը առաջարկեց, որ նմանօրինակ գործերը դատարաններում ավելի սեղմ ժամկետներում քննվի։

«Օրինակ մարդու անվան հետ կապվում են ինչ-որ երևույթներ, որոնք իրականության հետ կապ չունեն ու դատարանները, ելնելով դատական պրակտիկայից տարիներով քննում են մարդու արժանապատվությանը պատճառած վնասի գործերը։ Ասենք երեք տարի դատարաններում նիստը հետաձգվում է, երկու ամիսը մեկ նիստ է գումարվում, իսկ դրա ավարտն էլ ի՞նչն ա՝ լավագույն դեպքում մի միլիոն կամ երկու միլիոն դրամ տուգանում են ու վերջ։ Բայց եթե ՀՀ-ում մարդը և իր արժանապատվությունը բարձրագույն արժեք են, ես չեմ հավատում, որ որևէ մարդ, որ ունի արժանապատվության և ինքնահարգանքի զգացում ասի՝ ինչ լավ է, որ 5 միլիոն դրամ ստացա, ջանդամ թե ինձ չէին վիրավորել։ Իմ առաջարկն է, որ մենք սեղմենք այն ժամկետները, որոնց ընթացքում  պետք է քննվի զրպարտության և վիրավորանքի գործերը», - ասաց Գևորգ Պետրոսյանը։

Պատգամավոր Արթուր Դավթյանը Գևորգ Պետրոսյանին առաջարկեց 203.2 հոդվածում առաջին ատյանի վարույթում քննվելու համար երկամսյա ժամկետը փոխել եռամսյա ժամկետով։ «Մատաղի նման ընդունելի է», - արձագանքեց Գևորգ Պետրոսյանը։

Կառավարության ներկայացուցիչը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Պետրոսյանը ուսումնասիրել է պրակտիկան, դատարանները կտեղավորվե՞ն առաջարկվող ժամկետներում, որպեսզի չստացվի այնպես, որ  դատարանները օրենքը ընդունելու դեպքում հայտնվեն  կազուսային իրավիճակներում։ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս գործերով ապացույցներ ներկայացնելը շատ ավելի հեշտ է և ժամկետների խնդիրներ որպես կանոն չեն առաջանում․ «վիրավորողը կա, փաստը կա, բայց գործերը ձգձգվում են», - ասաց Պետրոսյանը։

Օրենքի նախագիծը հանձնաժողովի կողմից ընդունվեց միաձայն։