Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այն մարզերում, որտեղ երբեք չեն եղել արյան հավաքագրման կետեր՝ կլրացվեն, կվերազինվի նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը․ նախարար

Այն մարզերում, որտեղ երբեք չեն եղել արյան հավաքագրման կետեր՝ կլրացվեն, կվերազինվի նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը․ նախարար
Հայաստան
14:00, 30 апрель 2021
Պատերազմից հետո քարտեզագրում է իրականացվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից, և կազմվել է ցանկ, թե որ մարզերում են բացակայում արյան հավաքագրման կետերը։ Առաջիկայում այդ մարզերը կհամալրվեն համապատասխան ծառայություններով։ Այս մասին այսօր՝  ապրիլի 30-ին, ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ներկայացնելով առողջապահության ոլորտի 2022թ․ բյուջետային նախնական հայտը։

«Հանրային առողջության պահպանում ծրագրի շրջանակներում մի քանի կարևոր կետեր փոփոխության են ենթարկվել՝ դա արյան հավաքագրման ծառայություններն են՝ 308 մլն-ից դարձել են 400 մլն դրամ։ Պատերազմական գործողություններից հետո իրկանացրել ենք ամբողջ հանրապետությունով քարտեզագրում՝ արյան ծառայությունների մատուցման, և ունենք նկարագիրը․ թե ինչպիսին այն պետք է լինի։

Հաջորդիվ, կառավարությունը կհաստատի այս ծրագրից բխող վերանորոգումները, վերազինումները և վերակառուցումները։ Սփյուռքի ներկայացուցիչները ևս ցանկություն են հայտնել ներդրում անել և առաջիկայում կսկսենք մարզերից, որտեղ երբեք չեն եղել արյան հավաքագրման կետեր՝ կլրացվեն, ինչպես նաև Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը կվերանորոգվի ու կվերազինվի ամբողջությամբ»,-նշեց նախարարը։