Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև 2000 մետր բարձրություններում ձնածածկույթը բացակայում է, սակայն մարտ-ապրիլ ամիսներին նորմայից բարձր տեղումներ են սպասվում. Լևոն Ազիզյան․ տեսանյութ

Սևանա լճի մակարդակն այսօրվա դրությամբ 14 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ 

Մեզ հետ զրույցում ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն ասաց, որ դա պայմանավորված է բացառապես օդերևութաբանական պայմաններով, որովհետև սկսած նախորդ տարվա հուլիս ամսից՝ անընդհատ երաշտային պայմաններ ենք ունենում, հատկապես Գեղարքունիքի մարզում, և բավականին քիչ տեղումներ են գալիս, գոլորշիացումը մեծ է, և դրանով պայմանավորված՝ Սևանա լճի մակարդակը սկսել է իջնել։  

«Նշեմ, որ միջին հաշվով լճի մուտք գործած ջրի 92 տոկոսը գնում է գոլորշիացման, և հիմնական գործոնը գոլորշիացումն է, որ այդ մակարդակն իջնում է, որովհետև այն սեզոնին, որ միշտ շահարկվում է, թե ոռոգման նպատակով ջրառն է մակարդակի իջեցման պատճառը, դա փոխհատուցվում է Արփա-Սևան թունելով։ Այսպես ասած, ինչքան բաց է թողնվում, այնքան էլ Արփա-Սևան թունելով գալիս է, և հիմնական պայմանը հիդրոօդերևութաբանական գործոններն են։ Այսօրվա դրությամբ տեղումների առումով պատկերն այդքան էլ լավ չի, մինչև 2000 մետր բարձրություններում հանրապետությունում ձնածածկույթը բացակայում է, 2000-ից 2500 մետր բարձրություններում մինչև 30 սմ է, ինչը նորմայից բավականին ցածր է։ Նմանատիպ տարի վերջին անգամ ունեցել ենք 1999 թվականին, բարեբախտաբար գարնանային ամիսներին այդ տարի դա փոխհատուցվել է առատ տեղումներով, սակայն նաև ունեցել ենք տարիներ, օրինակ՝ 1989 թիվը, որ նույնպես այսպես սակավաձյուն է եղել, և գարունն էլ է չոր եղել, ու ջրային ռեսուրսների տեսակետից լուրջ խնդիրներ են եղել։ Հուսանք, որ այս տարի նպաստավոր պայմաններ կլինեն, որովհետև նախնական գնահատականներով՝ մարտ-ապրիլ ամիսներին նորմայից բարձր տեղումներ են սպասվում»,- ասաց Լևոն Ազիզյանը։  

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ հունվարի 28-ի օրվա երկրորդ կեսից սկսած մինչև ամսի 31-ը առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ՝ դադարներով, Երևանում, Արարատյան դաշտում կլինի ձնախառն անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվար ամսվա նախնական կանխատեսումները, սակայն, այդքան էլ հուսադրող չեն, տեղումները կանխատեսվում են նորմայից պակաս, իսկ ջերմաստիճանը՝ 1-2 աստիճանով նորմայից բարձր։ 

Խոսելով նաև ջրամբարների մասին՝ Լևոն Ազիզյանն ասաց, որ Ախուրյանի և Արփիի ջրամբարներում անցյալ տարվա համեմատությամբ կա  դրական տարբերություն, այս տարի ավելի շատ են լցված, քան անցյալ տարի, ինչը պայմանավորված է նախորդ տարվա այդ շրջանի ջրառատությամբ։

«Սևան-Հրազդան էներգետիկ համակարգում երեք ջրամբարների ծավալով 8 միլիոնով ավելի պակաս է, քան անցյալ տարի։ Իսկ Վեդիի ջրամբարը նախատեսված է 29 միլիոն խմ, ինչը զգալիորեն կբարելավի Արարատյան դաշտի ոռոգման վիճակը, և Սևանից բաց թողնվող ջրի քանակի հետ կապված կրճատումներ կարող են լինել»,- ասաց Լևոն Ազիզյանը։ 

Նշենք նաև, որ ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հետազոտություններ է իրականացրել Սևանա լճի ջրի էկոլոգիական վիճակի վերաբերյալ։ Լճի ջրի որակի մոնիթորինգն իրականացվել է Փոքր և Մեծ Սևանների  երկու դիտակետում՝ մակերևույթից մինչև հատակամերձ տարբեր ջրաշերտերում։ 

2022թ. դեկտեմբերի  22-ի դրությամբ, համաձայն ստացված արդյունքների, Մեծ Սևանում ջրի որակը մակերևույթից մինչև 30 մ հատակամերձ շերտ գնահատվել է «անբավարար»՝ պայմանավորված հիմնականում ամոնիում և նիտրիտ իոններով։

Փոքր Սևանում ջրի որակը մինչև 55 մ ջրաշերտ ջրի որակը գնահատվում է «անբավարար» և «վատ»՝ հիմնականում պայմանավորված ամոնիում և նիտրիտ իոններով։ 55 մ-ից մինչև հատակամերձ ջրաշերտ ջրի որակը գնահատվում է «վատ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան