Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շրջիկ երաժիշտներն ու նկարիչները հանրային վայրերում կգործեն կանոնակարգված․ կառավարությունը նախատեսում է օրենքով սահմանել նրանց գործունեության կարգը

ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին։

Հիմնական զեկուցող ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ներկայացնելով նախագիծը, ասաց, որ այս նախագծով ցանկանում են կանոնակարգել հանրային բացօթյա վայրերում մշակութային գործունեության իրականացումը։

Վաչե Տերտերյանը նշեց, որ խոսքը վերաբերում է շրջիկ երաժշտական գործիքներով կատարումներին, երգերին, ամենատարբեր գործունեությանը, որին մենք ականատես ենք լինում հատկապես Երևանի կենտրոնում: Այս գործունեությունը հաճախ անհարմարություններ է պատճառում հարակից շենքերի բնակիչներին և ոչ միայն, ընդհանուր առմամբ ձևավորում է մթնոլորտ, ճաշակ, տպավորություն՝ հատկապես քաղաքի որոշակի հատվածներում։ 

«Այս կապակցությամբ մենք առաջարկում ենք, որ Երևանում և համայնքներում այսուհետև այդ գործունեության պայմանները, պահանջները, ինչպես և նմանատիպ շատ այլ գործառույթներ ու սահմանափակումները սահմանեն համայնքների ավագանիները։ Այսինքն՝ կախված համայնքի և բնակավայրի կամ բնակավայրում տեղադիրքի առանձնահատկություններից՝ կսահմանվեն ընդհանուր պայմաններ, կանոններ, որոնք կվերահսկվեն, և բնականաբար այդ վերահսկողության շրջանակում էլ կսահմանվեն վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր»,- ասաց Վաչե Տերտերյանը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն էլ նշեց, որ այս կարգավորումները շատ կարևոր են, բայց երբ խոսվում է ճաշակի մասին, դա շատ սուբյեկտիվ ընկալում է։ 

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկեց մինչև տուգանելը՝ տվյալ գործունեությամբ զբաղվող անձին առաջին անգամ տալ իրազեկման թերթիկ, որպեսզի նա ստորագրի, որ տեղեկացված է կանոններին, և երկրորդ անգամ կանոնները խախտելու դեպքում նոր տուգանվի։

Պատգամավորներից Լիլիթ Կիրակոսյանն էլ իր ելույթում ասաց, որ շատ ողջունելի է, որ օրենքն ընդունելիս իրենք կանոնակարգում են մտցնում, բայց նաև օրենքն այնքան ճկուն պետք է լինի, որ իրենք չկարողանան խանգարել և հակասական իրավիճակում չմտնեն քաղաքացիների հետ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ավագանիները ոչ բոլոր դեպքերում են ճիշտ որոշումներ կայացնում, և, առիթից օգտվելով, ավելացրեց, որ մարզերում մշակութային միջոցառումներ շատ քիչ են լինում, և բոլորին կոչ արեց այնպես կազմակերպել, որ այդ միջոցառումները շատ լինեն մարզերում։

Իր եզրափակիչ ելույթում Վաչե Տերտերյանն ասաց, որ առաջարկվող սահմանափակումները խանգարելու համար չեն։
 
Մանրամասները՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան