Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար. ՄԱԿ Արդարադատության դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի

Այս դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար. ՄԱԿ Արդարադատության դատարանում Եղիշե Կիրակոսյանը ներկայացրեց Հայաստանի դիմումն ընդդեմ Ադրբեջանի
Հայաստան
13:53, 30 январь 2023
ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանում քննվում է Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը խտրականության բոլոր ձևերի վերացման դրույթներին համապատասխան հայց է ներկայացրել դատարան։ 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը դատարանի գրանցամատյանում դիմում է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի՝ պնդելով, որ խախտվել են խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի դրույթները։ «2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը շրջափակման ենթարկեց միակ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին կապում է աշխարհի հետ՝ կանխելով որևէ անձի մուտքը կամ ելքը։ Շրջափակումը դեռ շարունակվում է»,- ասված է Հայաստանի դիմումի մեջ։ Ըստ Հայաստանի՝ անհրաժեշտ են միջանկյալ միջոցներ, որպեսզի պաշտպանվեն հայերի իրավունքները։ Հայաստանի ներկայացուցիչը շեշտել է նաև գազի և այլ կոմունալ ծառայությունների տրամադրման ընդհատման մասին։  

«Հայաստանը պահանջում է, որ դատարանը հետևյալ միջանկյալ միջոցները կիրառի. Ադրբեջանը պետք է դադարեցնի իր օժանդակությունը և կազմակերպումը, այսպես կոչված, բողոքների և ցույցերի, որոնք խաթարում են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը։ Ադրբեջանը պետք է ապահովի անխաթար շարժ՝ բոլոր անձանց, բեռների և ավտոմեքենաների համար, նաև՝ Ադրբեջանը պետք է վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց բնական գազի և այլ հանրային ծառայությունների մատուցումը Լեռնային Ղարաբաղ»,- Հայաստանի պահանջը մեջբերեց դատարանի մատենավարը։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ներկայացնելով Հայաստանի դիմումը, ասաց, որ մեկ հոգի արդեն մահացել է բուժօգնության բացակայության հետևանքով, իսկ շատերը այդպիսի ռիսկի առջև են։ Կիրակոսյանը նշեց նաև, որ առկա է սննդի պակաս, խանութները դատարկ են, դեղորայքի պակաս կա, գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատումներով է իրականացվում և այլն։ «Ադրբեջանը այս շրջափակումը փորձում է արդարացնել բնապահպանական հորինվածքների միջոցով, որին ոչ ոք չի հավատում՝ չնայած նրան, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի ստանձնած պարտավորություններ։ Մեկ ամսից ավելի առաջ ՄԻԵԴ-ը հրահանգեց Ադրբեջանին բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել՝ երաշխավորելու համար անվտանգ շարժը ծանր հիվանդների, բայց Ադրբեջանը անտեսել է  Ստրասբուրգի դատարանին նույնպես։ Ուստի ձեր առջև հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։

Եթե դատարանը անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերը անհնարին ընտրության առջև կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները կամ մնալ այնտեղ և սովամահ լինել։ Նախագահ Ալիևը բացահայտորեն պահանջել է, որ ԼՂ հայերը «հեռանան»։ Նա պնդել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակը հայերին վտարելն է։ Նա ասել է, որ «ոչ մի երգ չի երգվելու հայերենով, և այսուհետև ադրբեջաներենն է իշխելու այս հողում։ Հոսանքի և գազի մատակարարումների դադարեցումները նախատեսված են հանգեցնելու այդ արդյունքին»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։ Վերջինս հիշեցրեց նաև Ալիևի խոսքերը, որ եթե հայերը չեն ուզում դառնալ Ադրբեջանի քաղաքացի՝ ճանապարհը բաց է՝ նրանք կարող են մեկնել ինքնուրույն կամ կարող են մեկնել խաղաղապահների հովանու ներքո։ «Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել Ղարաբաղ, բայց նրանք կարող են դուրս գալ այնտեղից։ Դատարանի դատավորներ, այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները ժամանակակից աշխարհում տեղ չունեն, և այս դատարանը վերջին հույսն է ԼՂ հայերի համար»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը։