Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին.Մհեր Գրիգորյան

Հայաստանը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին.Մհեր Գրիգորյան
Հայաստան
17:08, 01 май 2021
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը Կազանում տեղի ունեցած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

Մասնավորապես, լրագրողները հարց են ուղղել, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵԱՏՄ միջակառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի՞ տվել իր համաձայնությունը:

«Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հե՞տ, Մհեր Գրիգորյանը հիշեցրեց՝ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին: 

«Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- խոսքը եզրափակեց Գրիգորյանը: