Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ մեկդ մի պատկերացրեք, որ խրամատը պետք է սալիկապատված լինի. խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պատսպարվելու համար. Արմեն Խաչատրյան

Որևէ մեկդ մի պատկերացրեք, որ խրամատը պետք է սալիկապատված լինի. խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պատսպարվելու համար. Արմեն Խաչատրյան
Հայաստան
18:31, 01 февраль 2023
«Մենք չենք հասցրել կատարել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ էին խնդիրները լուծելու համար։ Մեր բանակը 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին լավ կռվել է, սակայն ուժերը եղել են խիստ անհամաչափ։ Ուղղակի պետք է կանխատեսեինք նման իրավիճակ և տասնամյակներ առաջ պատրաստվեինք այդ օրվան»,- այս մասին  այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ 

Խոսելով հունվարի 19-ին Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանի հրդեհի հետևանքով տեղի ունեցած ողբերգության մասին՝ պատգամավորն ասաց, որ ինքը միայն հավատում է քրեական գործով ձեռք բերված փաստերին  և ապացույցներին, իսկ տարբեր խոսակցություններ եթե լինում են, դրանք պետք է քրեական գործում ներառվեն որպես ցուցմունքներ և վարկածներ, որոնք հետագայում պետք է հաստատվեն կամ մերժվեն։ 

Անդրադառնալով ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակին՝ պատգամավորն ասաց, որ ռազմական իրավիճակներից հետո, մարտական գործողություններից հետո նախևառաջ խնդիր է առաջանում նոր պաշտպանական գոտիների ստեղծման, նոր տեղակայման վայրերի կահավորման և ստեղծման. երբ որ տեղի են ունենում ռազմական գործողություններ, այդ հատվածում առաջնային խնդիրը դեռևս բարեփոխումը չի, առաջնային խնդիրը  առաջնային պահանջների կատարումն է։  
Նա նշեց, որ յուրաքանչյուր ռազմական գործողությունից հետո հանդիպում են նոր իրողության, առճակատվում են նոր իրողության հետ, և այդ իրողություններով պայմանավորված՝ մի շարք միջոցառումներ են իրականացվում, որոնք ժամանակ են պահանջում, ցավոք սրտի։ 

 
Ինչ վերաբերում է դիրքերում զինվորների պայմաններին, պատգամավորն ասաց. «Երբ որ ասում եք՝ քնապարկը կեղտոտ է, այո՛, խրամատում քնապարկը կեղտոտ է լինում։ Խրամատում որևէ մեկդ մի պատկերացրեք, որ այնտեղ պետք է սալիկապատված լինի և բաքսի քաշած լինի։ Խրամատը հողային շինություն է, որը նախատեսված է պատսպարվելու համար։ Կարող է և ժեշտից կացարան լինել, կարող է և տարբեր տեսակի կացարան լինել, բայց որ ասում եք՝ ցելոֆանապատ, վրանային, նման կացարաններ հիմա չկան։ Բայց հնարավոր է տակտիկական անհրաժեշտությունից ելնելով որոշակի կարճ ժամանակահատվածում ինչ-որ մի տեղ հայտնվեն մեր ռազմական ուժերի ներկայացուցիչները, և ինչ-որ մի տեղ հնարավոր է  մի քանի օր վրան դնեն, որոշակի գործողություններ անեն և գնան»,- ասաց Արմեն Խաչատրյանը։     

Սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ պատգամավորն ասաց, որ բանակը բարոյահոգեբանական վիճակի անկում չի ապրել, և ինքը տեսել է, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան 44-օրյայում, բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան 44-օրյա պատերազմի ժամանակ: 

Հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային, պատգամավորն արձագանքեց. «Պետք է վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել, և ամենակարևորը՝ ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների: Մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել, բայց լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ»։

Մանրամասները՝ տեսանյութում