Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զինվորների մարմինները ննջարանի տարբեր մասերում էին. ՆԳՆ պաշտոնյան իր ցուցմունքով հերքել է զինծառայողների մարմինները մահճակալների վրա լինելու մասին իր հայտարարությունը․ զինդատախազության անդրադարձը հակասություններին

Հունվարի 19-ի ողբերգական հրդեհից 2.5 շաբաթ անց հանրության մոտ անպատասխան հարցեր են մնացել. արդյո՞ք զինվորները չէին հասցրել արթնանալ ու մահացել էին իրենց մահճակալների վրա, ինչպես սկզբում հաղորդվեց. ինչո՞ւ հրդեհի ժամանակ չէին այրվել գազօջախն ու փայտյա աթոռակը, բաց, թե փակ է եղել կացարանի ննջասենյակի դուռը․ 1lurer.am-ի տեսանյութում զինդատախազությունն անդրադարձել է հակասություններին։

ՆԳՆ պաշտոնյան, որ հայտնել էր, թե հրդեհված կացարանում զինծառայողների մարմինները մահճակալների վրա են եղել, հարցաքննվել է եւ իր ցուցմունքով հերքել տվյալ հայտարարությունը․

«Մասնավորապես նշել է, որ դեպքի պահին ինքն անձամբ դեպքի վայրում չի եղել, խոսել է տեղում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացրած աշխատակիցների հետ եւ նրանց փոխանցած բանավոր տեղեկություններն այլ կերպ է ընկալել․ աշխատակիցները իրեն ասել են, որ զինվորների դիերը հայտնաբերվել են մահճակալների սենյակում, իսկ ինքը ընկալել է, թե մահճակալների վրա պառկած են հայտնաբերվել», - այս մասին «Լուրեր»-ին ասել է զինդատախազ Արշակ Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանի խոսքով մահացած 15 զինծառայողներից 14-ի դիերը հայտնաբերվել են ննջարանի տարբեր հատվածներում՝ ոչ բացառապես մահճակալների վրա, իսկ մահացած մեկ զինծառայողի դի հայտնաբերվել է նախասենյակում՝ ննջարանի մուտքի դիմաց։ Նրա խոսքով սա ողջամտորեն նշանակում է, որ ննջարանի դուռը փակված չի եղել․ «Այս հանգամանքի շուրջ այս պահին դեռեւս քննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան գործողություններ»։