Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա ահաբեկչություն է. Դավիթ Բաբայանն արձագանքել է Շահիդովի հայտարարությանը

Սա ահաբեկչություն է. Դավիթ Բաբայանն արձագանքել է Շահիդովի հայտարարությանը
Հայաստան
12:42, 03 май 2021
Ադրբեջանցիներն ու թուրքերը երազում են վերցնել Ստեփանակերտն իրենց վերահսկողության տակ, բայց նման հայտարարություններ անելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի վերջին գրառմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Շահիդովը Twitter-ի իր էջում գրել էր, որ հունիսից Ստեփանակերտը լինելու է Ադրբեջանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո՝ լինի դա խաղաղ ճանապարհով, թե ուժի կիրառմամբ: Վերջինս նաև ընդգծել է, որ հայերը բավականաչափ տեղեկացված չեն նոյեմբերի 10-ի հրադադարի վերաբերյալ հայտարարության մասին։

Ըստ Շահիդովի, եռակողմ հայտարարության համաձայն, Ստեփանակերտն ու բոլոր քաղաքներն աստիճանաբար կանցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Իրավապաշտպանը նաև հայտարարել է, որ բոլոր նրանք, ովքեր չեն հավատում, կարող են այդ մասին հարցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Բաբայանը նկատել է, որ Ադրբեջանը հասկանում է, որ ռազմական ճանապարհով իր նպատակին հասնել հնարավոր չէ։ «Բաքուն ցանկանում է խարխլել մեր ժողովրդի կամքը, ոգին։ Որպեսզի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում էին վերադառնալ Արցախ, չգան։ Իսկ նրանք, ովքեր ապրում են այստեղ, սկսեն լքել Արցախը։ Սա ահաբեկչական PR տեխնոլոգիաներից մեկն է, որը պետական ամենաբարձր մակարդակով իրականացվում է Ադրբեջանում և Թուրքիայում», - ընդգծել է Արցախի ԱԳՆ ղեկավարը։

«Փաստինֆո»- ի թղթակցի այն հարցին, թե ինչպես դիմագրավել Ադրբեջանի նման քարոզչությանը` Բաբայանն արձագանքել է. «Պետք է պարզապես դուրս գալ սթրեսային վիճակից, պետք է ամրապնդել մեր պետականությունը, ճիշտ քաղաքականություն վարել: Պետք է աստիճանաբար հզորացնել երկիրը, պրոֆեսիոնալներն ու հայրենասերները պետականաշինության մեջ որոշիչ դեր պետք է ունենան։

Անհրաժեշտ է ուժեղացնել ազգաբնակչության հայրենասիրական դաստիարակությունը։

Նաեւ պետք է պայքարել ներքին թշնամիների դեմ, քանի որ նրանք շատ ավելի վտանգավոր են, քան արտաքինը: Կրկին տականքներ հայտնվեցին, որոնք սկսեցին արցախցիներին թուրք անվանել, դա անթույլատրելի է։ Նման մարդկանց պետք է բանտ նստեցնեն, բոլոր նորմալ մարդիկ չպետք է շփվեն նրանց հետ։ Պետք է նրանց բոյկոտ հայտարարել, իսկ հետո պետք է դրա համար քրեական պատասխանատվություն սահմանել», - եզրափակել է Բաբայանը։