Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատերազմի զոհերի 3742 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննության 80 փորձանմուշ դեռևս չի նույնականացվել

Պատերազմի զոհերի 3742 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննության 80 փորձանմուշ դեռևս չի նույնականացվել
Հայաստան
19:13, 03 май 2021
ԱՆ ապրիլի 18-ի դրությամբ՝ կատարվել է պատերազմի ժամանակ զոհերի 3742 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննություն։ Նույն թվականի դրությամբ՝ կատարված 3742 դատաբժշկական փորձաքննությունից 3364 անվամբ լրացվել է մահվան մասին բժշկական վկայական։

Այս մասին Сivic.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Առողջապահության նախարարությունից։  Ըստ այդմ՝ 3742 դիակի և մասունքի դատաբժշկական փորձաքննության 80 փորձանմուշ դեռևս չի նույնականացվել։ Ֆոսֆորային զենքից տուժած անձանց մասին հարցին ի պատասխան, նախարարությունը տուժածների թիվը չի նշել։ Ըստ նախարարության՝ նրանք դեռ բուժում են ստանում։ Ըստ ԱՆ-ի՝ պատերազմի ընթացքում ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում բուժում են  ստացել զինծառայողներ, որոնց մոտ դիտվել են տարբեր աստիճանի այրվածքներ։

«Ելնելով պացիենտների վերքերի տեսքից, լաբորատոր-գործիքային հետազոտությունների տվյալներից, հիվանդության կլինիկական ընթացքից և լյումինեսցենտային լամպով դիտարկումից,  կարելի է ենթադրել, որ առաջացած այրվածքները հնարավոր է լինեն քիմիական։

Այրվածքներ ստացած պացիենտները դուրս են գրվել Այրվածքաբանության ազգային կենտրոնոնից և  ներկա պահին ստանում են վերականգնողական բուժում», - նշված է նախարարության պատասխանում։

Սյուզի Սիրականյան