Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի դատական նիստը՝ ուղիղ

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Արամ Մանուկյանի դատական նիստը՝ ուղիղ
Հայաստան
11:23, 04 май 2021
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի գործով դատական նիստը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն Արամ Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը և հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Արամ Մանուկյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյան ասաց, որ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի հասցեին ասված "արյունարբու" արտահայտության համար հիմք է հանդիսացել այն, որ կան նկարներ, որտեղ նա կենդանի է սատկացրել։ Այդ ընթացքում Արամ Մանուկյանը նշեց, որ ինքը ցանկանում է ներկայացնել իր մոտեցումները, որոնք քաղաքական են։ «Ես իրավաբանական տերմինների մեջ չեմ ուզում մտնել, չեմ էլ կարող մտնել։ Ելույթը եղել է քաղաքական՝ դրան հաջորդած բոլոր ելույթները եղել են քաղաքական, և այստեղ վեճը, որը ձեզ համար իրավական է, քաղաքական է, դուք մասնակից եք քաղաքական գնահաատականի։ Ես ձեր դաշտ չեմ մտնում, բայց այդ ելույթի, դրան նախորդած, հաջորդած ամբողջականությունը չլսելով՝ դուք չեք կարող ամբողջական պատկերացում կազմել՝ ավելի անաչառ լինելու համար»,-ասաց Արամ Մանուկյանը։

Դատավորը պատասխանեց, որ բացառապես քաղաքացիական օրենսգրքի կանոններով են շարժվելու։ Դատարանը բացառապես իրավական գնահատական է տալու, որքան էլ կուզենար Մանուկյանի խոսքը լսել։ Հայցվորի ներկայացուցիչն էլ ասաց, որ բոլոր ապացույցները համարում է ոչ վերաբերելի ու ոչ թույլատրելի, ներկայացված ապացույցներից ոչ մեկը չի կարող վերաբերելի լինել։

Արձագանքելով՝ Տիգրան Եգորյանն ասաց, որ գրքեր և բազմաթիվ այլ նյութեր կան, և իրենք հիմնավորում են, որ 2018-ից սկսած Ռոբերտ Քոչարյանն ինքնապաշտպանության հարցով է մտահոգված, քանի որ նա իր պաշտոնավարման ժամանակ գործել է աններելի արարքներ, որոնց համար վախենում է պատասխանատվության ենթարկվել, որոնք մաքրազերծելու համար փորձելու է դիմել տարբեր գործողությունների։ Գնահատումը զուր է, և ժողովրդի մեջ տարածված խոսքի համաձայն՝ «մեռնելուց առաջ խռխռոցի նման մի բան է»։

Այնուհետև Եգորյանը մեջբերեց ևս մի հրապարակում, որում նշված է, որ Քոչարյանը միայն Մարտի մեկով չի հանցագործություն կատարել։ «Մարտի մեկի գիրքը, Հաագայի վերաբերյալ գիրքը, կան բազմաթիվ նյութեր, հոդվածներ, որոնք այն բավարար փաստական հենքն են, որոնց վրա հենված են արդեն նշված դատողությունները»,-ասաց Եգորյանը։