Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում եմ՝գնացեք, ձևակերպեք ձեր իրավական փաստաթղթղերը և օգտվեք հնարավորությունից, վերադարձեք Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան

Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում եմ՝գնացեք, ձևակերպեք ձեր իրավական փաստաթղթղերը և օգտվեք հնարավորությունից, վերադարձեք Հայաստան․ Անդրանիկ Քոչարյան
Հայաստան
15:43, 05 май 2021
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունվեց  Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին նախագիծը։

Հիմնական զեկուցող ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նախագծում կատարվող  փոփոխությունները, նշեց, որ  մասնավորապես նախագծի նախաբանում առաջարկում են ընգծել, որ նախագծի ընդունման հիմքում ընկած է հետպատերազմյան հետևանքների հնարավորինս մեղմումը և դրանով իսկ կայուն զարգացում ապահովելու տեսլականը։ 

«Ինչ վերաբերում է նախագծի կարգավորման առարկային, ապա մի շարք առաջարկների, ինչպես նաև իրավասու մարմինների հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է նախագծում կատարել փոփոխություններ, որի էությունը կայանում է հետևյալում՝ առաջարկում ենք նախագծի կարգավորման առարկա սահմանել, որ նախագիծը կարգավորվում է խնդրո առարկա  օրենքը ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի, սպայական կազմերի, պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած և ՀՀ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ համաներում հայտարարելու իրավահարաբերությունները»,-ասաց փոխնախարարը։

Վերջինիս խոսքով՝ կատարվող փոփոխությունների արդյունքում ստացվում է, որ 27 տարին լրանալը կապվում է, ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի 26-ի, այլ խնդրո առարկա օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրության հետ։ 
 
Փոխնախարարը նաև տեղեկացրեց, որ դրանով պայմանավորված, նաև համաներում կիրառվելու է ոչ միայն Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի, այլ նաև 3-րդ մասի նկատմամբ։ 

Նիստի ավարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․

«Մեր բոլոր հայրենակիցներին խնդրում եմ, օր առաջ գնացեք, ձևակերպեք ձեր իրավական փաստաթղթղերը և օգտվեք հնարավորությունից, վերադարձեք Հայաստան»։