Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկնարկում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները

Մեկնարկում են Սևան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սևան-Լճափ հատվածի հիմնանորոգման աշխատանքները
Հայաստան / Տնտեսություն
20:17, 06 март 2023
Սեւան-Մարտունի-Գետափ միջպետական ճանապարհի Սեւան-Լճափ 13,2 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման աշխատանքները ժամանակին եւ անխափան կազմակերպելու նպատակով մարտի 6-ին ընդունեցի ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ԱԱԲ Պրոյեկտ» ՍՊԸ կազմակերպության ներկայացուցիչներին․ ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։ 

Շեշտեցի, որ, մինչեւ շինարարական աշխատանքների մեկնարկը հարկավոր է Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության հետ համատեղ ուսումնասիրությամբ վեր հանել հաստատված նախագծի, ճանապարհով անցնող այլ ենթակառուցվածքների նորոգման կամ տեղափոխման հետ կապված խնդիրները եւ ներկայացնել մեր քննարկմանը, որպեսզի կարողանանք դրանք ժամանակին կարգավորել համապատասխան գերատեսչությունների հետ համագործակցությամբ։ 

Ճանապարհի նորոգման արդյունքում ֆրեզված ասֆալբետոնյա հին շերտի հանույթը առաջարկվելու է համայնքներին՝ առաջնահերթությունը տալով դեպի դպրոց, մանկապարտեզ եւ բուժհաստատություններ տանող ճանապարհների հարթեցմանը կամ նորոգմանը։ 

Կարեւորեցի նաեւ, որ աշխատանքների ընթացքում առաջացած շինաղբը պետք է տեղափոխել միայն նախագծով նախատեսված վայրեր՝ բացառելով ճանապարհաեզրերին դրանց կուտակումները։

Լսեցի նաեւ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության եւ շինարարների կողմից ներկայացված մի շարք դիտարկումներ՝ կապված Ծավազարդի հատվածում բավարար տեսանելիության ապահովման նպատակով ճանապարհի շերտի իջեցման, ջրահեռացման համակարգի կառուցմանը խոչընդոտող որոշ քայլերի կարգավորման եւ այլ հարցերի հետ։ 

Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Սեւան-Լճափ ճանապարհահատվածի միջին նորոգման ծրագրի իրականացման համար հատկացվել է 1 միլիարդ 277 միլիոն դրամ։ 

Շինարարական աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում։