Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախատեսված է՝ մինչև 2030 թվականը կառուցել մինչև 1000 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ․ Տեսանյութ

«Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը ստեղծվել է 2006 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և հիմնադրամի ստեղծման հիմնական նպատակն է եղել խրախուսել վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտը Հայաստանում»,-այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵՆ «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ»-ի տնօրեն Կարեն Ասատրյանը:

Վերջինս նշեց, որ հիմնադրամի գլխավոր առաքելությունն է օժանդակել ներդրումները էներգախնայողության և վերակնագնվող էներգետիկայի ոլորտում, խթանել այս ոլորտի շուկայի զարգացումը, նպաստել Հայաստանի էներգետիկ ոլորտի անկախությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության անունից իրականացնել տարբեր տիպի դրամաշնորհային և ներդրումային ծրագրեր, որոնք ուղղված են այս ոլորտի զարգացմանը։

Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը ուշադրության կենտրոնում է պահում այս ոլորտը, այս տարվա հունվարի 18-ին ընդունվեց էներգետիկ բնագավառի զարգացման ռազմավարական ծրագիրը մինչև 2040 թվականը։  

«Այդ ռազմավարական ծրագրում մեծ ուշադրություն դարձվեց նոր հզորությունների կառուցմանը, ինչպիսիք են նոր արևային կայանների կառուցումը։ Ասեմ, որ Հայաստանն ունի բավական մեծ ներուժ այս ոլորտում և այդ իսկ պատճառով նախատեսված է, որ մինչև 2030 թվականը կկառուցվի մինչև 1000 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ։ Եվ որ այդ կայանների միջոցով առաքված էլեկտրաէներգիայի քանակը կկազմի ընդհանուր արտադրված էլեկտրանէներգիայի քանակի մինչև 15 տոկոսը, որը ակզմում է բավականին մեծ թիվ։

Կարեն Ասատրյանը նաև նշեց, որ բացի արևային կայաններից նաև նախատեսված է, որ պետք է զարգանա նաև հողմային էներգետիկան և մինչև 2040 թվականը նախատեսված է, որ մենք կունենանք մինչև 500 մեգավատ համակարգային նշանակության հողմային կայաններ։
 
«Այս երկու տիպի արտադրող կայանները հիմնված են լինելու պետություն-մասնավոր համագործակցության հիման վրա։ Եվ այդտեղ գերակշռող դեր է ունենալու առաջարկվող էլեկտրաէներգիայի սակագինը, այն պետք է լինի մրցունակ»,-ասաց Կարեն Ասատրյանը։