Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում պատվաստանյութ արտադրելու դեպքում՝ կարտադրվի միայն «Սպուտնիկ Վ»․ Էկոնոմիկայի նախարարություն

Հայաստանում պատվաստանյութ արտադրելու դեպքում՝ կարտադրվի միայն «Սպուտնիկ Վ»․ Էկոնոմիկայի նախարարություն
Հայաստան
15:44, 07 май 2021
Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի երեք տարբեր տեսակներ է ձեռք բերել՝ ռուսական «Սպուտնիկ Վ», բրիտանական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակ»։

Երեկ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադառնալով ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութին՝ նշեց, որ հայկական կողմի հետ քննարկումներ են ընթանում այդ պատվաստանյութը Հայաստանում արտադրելու համար։

Civic.am-ը Էկոնոմիկայի նախարարությունից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանն ունի նախնական պայմաններ «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության համար, և որքա՞ն ժամանակում է հնարավոր դա իրագործել։  

«Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններ են տարվում Հայաստանում «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու ուղղությամբ: Հայաստանի կառավարությունը բանակցությունների փուլում է նաև հայկական դեղագործական ընկերությունների հետ, քանի որ վերոնշյալ պատվաստանյութի արտադրությունը ենթադրում է մասնագիտական, արտադրական և այլ ենթակառուցվածքների առկայություն»,- պատասխանել են նախարարությունից և հավելել, որ համապատասխան պայմանների առկայության դեպքում միայն կսկսվի «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի արտադրությունը։
 
Մեզ հետ զրույցում Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, ընտանեկան բժշկության գծով ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանն անդրադառնալով ՀՀ-ում պատվաստանյութ արտադրելու անհրաժեշտությանը՝ նախ հիշատակեց, որ Հայաստանում երբեք պատվաստանյութ չի արտադրվել․ «Մենք միշտ ներմուծել ենք պատվաստանյութերը, բայց հիմա նույնիսկ եվրոպական հարուստ երկրներում պատվաստանյութերի խնդիր կա, կան երկրներ որտեղ «Աստրա Զենեկա» պատվաստանյութի մատակարարումն է ուշացել, և այս պահին կարևոր է պատվաստանյութերից որևէ մեկը լինի, որ շուտ պատվաստվեն, որովհետև բոլորն էլ կանխում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը։ Եվ եթե Հայաստանում արտադրություն լինի այլևս ներմուծելու կարիք չի լինի, հետևաբար մատակարարման ուշացման խնդիր էլ չի լինի»։  

Ըստ մեր զրուցակցի Հայաստանում անհրաժեշտ ֆինանսական ներդրումների պարագայում՝ հնարավոր է մի քանի ամսում արդեն իսկ ունենալ սեփական արտադրության պատվաստանյութը։

Սամվել Հայրումյանն այս համատեքստում ընդգծեց, որ կորոնավիրուսը չի վերանալու և դրա սեզոնային բնույթն ակնառու է, քանի որ նախորդ տարի գարնանը վառ կերպով արտահայտվեց, ամռանը մեղմացավ և աշնանը նորից սրացում եղավ, և հավանականությունը մեծ է, որ աշնանը կարող է վիրուսի չորրորդ ալիքը լինի, ինչպես նաև կան կրկնավարակի դեպքեր․ «Մեծ է հավանականությունը, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը կլինի սեզոնային գրիպի նման, քանի որ պատվաստանյութի ազդեցությունը ենթադրվում է կմնա մինչև 6 ամիս։ Հաշվի առնելով, որ բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը, դրանով իսկ հիմնավորված է պատվաստումը»։ 

ԱՆ խորհրդատուի խոսքով՝ «Սպուտնիկ Վ», «Աստրա Զենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերը անվտանգության ու արդյունավետության ցուցանիշներով նման են իրար, և բոլորն էլ կանխում են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը․ «Այս ընթացքում որևէ ծանր դեպք չի գրանցվել պատվաստվելուց, պարզապես մի քանի հոգու մոտ ջերմություն է եղել, ինչը նորմալ է»,-հավելեց նա։ 

ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի խոսքով ՀՀ սահմանը հատող քաղաքացիները թալանի են ենթարկվում՝ ՊՇՌ թեստ հանձնելով։ Ըստ պատգամավորի անհրաժեշտ է դիտարկել այն փաստը, որ կորոնավիրուսով հիվանդացած և առողջացած քաղաքացիներն ունեն հակամարմիններ և 15․0000 դրամ և ավելի գումար վճարելու և ՊՇՌ թեստ հանձնելու փոխարեն, կարող են հակամարմինների թեստ հանձնել երկրից դուրս գալիս, քանի որ այդ թեստը շատ ավելի մատչելի է։  

Մեզ հետ զրույցում ԱՆ խորհրդատու Սամվել Հայրումյանը նշեց, որ թեստերի պահանջը դնում է տվյալ երկիրը՝ ելնելով իրենց մոտ սահմանված իրավական կարգավորումներից։ Ինչ վերաբերում է հակամարմինները հավաստող թեստին՝ Հայրումյանը հավելեց, որ թեպետ այդ թեստն իրականում ավելի մատչելի է, քան ՊՇՌ թեստը, այնուամենայնիվ այդ թեստերը երբեմն ցույց են տալիս ոչ բավարար թվով հակամարմիններ, այսինքն դա նշանակում է, որ հնարավոր է քաղաքացին դեռևս վարակված է, և միևնույնն է կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն է լինում։

Նարա Մարտիրոսյան