Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2022թ․ արդյունքներով ՀՀ կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը․ ՀՀ վարչապետ

Փետրվարի 28-ին ԱԺ է ներկայացվել ՀՀ կառավարության 2021-2026թթ ծրագրի 2022թ․ կատարման ընթացի եւ արդյունքների մասին զեկույց։ Սա կարեւոր փաստաթուղթ է, որը կքննարկվի առաջիկայում Աժ-ում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր ներածական խոսքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով․ «Զեկույցի խորհրդարանական քննարկումներից առաջ պատեհ համարեցի հրավիրել այս ասուլիսը՝ նախորդ տարվա խնդիրների եւ արդյունքների, ինչպես նաեւ արտաքին քաղաքական ընթացիկ վիճակի մասին լրագրողների հետ հարցուպատասխանի ժանրով խոսելու համար»։ 

Փաշինյանի խոսքով՝ 2022 թ․արդյունքներով ՀՀ կառավարության գործունեության առանցքային մարտահրավերը շարունակում է մնալ արտաքին անվտանգության ապահովումը։ «Աշխարհաքաղաքական խորացող անկայունությունը, աշխարհակարգի եւ միջազգային անվտանգության ոլորտներում ակնհայտ դարձող անորոշություններն ու լարվածությունները ավելի են սրում ՀՀ արտաքին անվտանգության սպառնալիքները։ 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան ընդդեմ ՀՀ-ի, ՀՀ-ի ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան, նոր ագրեսիայի չվերացող վտանգը, ԼՂ հիմնախնդրի կարգավորված չլինելը, ադրբեջանական զինուժի ներխուժումները ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ-ի բնական գազի եւ էլեկտրաէներգիայի դադարեցումները եւ դրանց հետեւանքով Արցախում ծայր առած հումանիտար, էներգետիկ, բնապահպանական ճգնաժամերը ՀՀ-ին թույլ չեն տվել լիարժեք կենտրոնանալ զարգացման օրակարգերի իրագործման վրա։

Այսուհանդերձ, 2022-ը դարձել է լայնածավալ բարեփոխումների տարի։ Կառավարությունը որդեգրել է անվտանգային մարտահրավերների պայմաններում բարեփոխումների, պետական ինստիտուտների կայացման եւ ՀՀ զարգացման օրակարգից չշեղվելու քաղաքականություն։

Արդյունքում 2022 թվականը ամփոփվել է վերջին 15 տարիների համար աննախադեպ՝ 12,6 տոկոս տնտեսական աճով։ 2022-ին պետբյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 926 միլիարդ դրամ, որը 2017 թվականի նկատմամբ ավել է 768 միլիարդ դրամով կամ 2 միլիարդ 20 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 66,3 տոկոսով, իսկ 2018 թվականի նկատմամբ՝ 670 միլիարդ դրամով կամ 1 միլիարդ 820 միլիոն ԱՄՆ դոլարով կամ 53 տոկոսով։ 2022-ին շարունակվել է գրանցված աշխատատեղերի թվի աճ։ Դեկտեմբերին գրանցվել է ՀՀ պատմության բացարձակ ռեկորդ՝ 704 հազար աշխատատեղ։ Սա նշանակում է, որ 2018թ․ մայիսից ի վեր ստեղծվել է 156 հազար 431 աշխատատեղ։ 2022-ին գործազրկությունը նվազել է եւ կազմել 13 տոկոս»,-նշեց կառավարության ղեկավարը։ 

Առավել մանրամասն՝ տեսանյութում