Քաղաքացիակենտրոն
լրատվություն

​Առաջընթացի հետ մեկտեղ ի հայտ են եկել ֆունդամենտալ պրոբլեմներ. վարչապետը՝ խաղաղության պայմանագրին Ադրբեջանի արձագանքի և Հայաստանի կարմիր գծերի մասին

«Շատ հաճախ մեր հանրային հարթակներում, սոցցանցերում որպես ահազանգ ներկայացվում է, թե ահա տեսեք՝ Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ինչ-որ թուղթ ստորագրել: Ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մենք ունենանք իրավիճակ, որ մնացել է 1, 2, 3 օր, որ մենք ինչ-որ թուղթ ենք ստորագրելու, դա իրականում շատ լավ նորություն է, որովհետև դա կնշանակի, որ բանակցային գործընթացում ունեցել ենք առաջընթաց և հասել ենք արդյունքի, որը մեր երազանքների արդյունքը չէ, բայց որը այնուամենայնիվ արդյունք է, որը պիտի ապահովի երկարաժամկետ խաղաղություն, կայունություն և զարգացում»,- այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենպրեսի» լրագրողի հարցին:

Վարչապետը հիշեցրեց, որ փետրվարի կեսերին հայկական կողմը իր հերթական արձագանքը խաղաղության պայմանագրի հնարավոր նախագծի վերաբերյալ փոխանցել է Ադրբեջանին և 2-3 օր առաջ ստացել է Ադրբեջանի արձագանքը. «Պետք է ընդգծել, որ որոշակի առաջընթաց մենք տեսնում ենք, բայց ինչքան տեսնում ենք առաջընթաց, այնքան ի հայտ են գալիս ֆունդամենտալ պրոբլեմներ»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է խաղաղության հնարավոր պայմանագրի միջոցով ՀՀ-ին տարածքային պահանջներ կամ նկրտումներ ձևակերպել, ինչը կարմիր գիծ է մեզ համար: «Ադրբեջանը փորձում է նաև ԼՂ-ում ցեղասպանության մանդատ ձեռք բերել այդ թվում՝ Հայաստանի ստորագրությամբ: Դա նույնպես կարմիր գիծ է մեզ համար»,- ընդգծեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հետապնդում է այնպիսի գիծ, որ նույնիսկ ստորագրված պայմանագրի կատարման երաշխիքների համակարգ մենք չունենանք. «Այսօր մենք ունենք գրված, ստորագրված, հրապարակված փաստաթուղթ, որը չի կատարվում: Խոսքը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մասին է»:

Ինչ վերաբերում է ԼՂ-ին, վարչապետը կրկնեց, որ ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը մեզ համար շատ կարևոր է. «Ճիշտ կլինի, որ այդ հարցի առաջնային մանդատառուն լինի ԼՂ ժողովուրդը: Կարծում ենք, որ հիմնական խոսակցությունը պետք է տեղի ունենա Բաքվի և Ստեփանակերտի միջև»: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ Ադրբեջանի բառամթերքը և դրա բովանդակությունը շատ կարճ ժամանակամիջոցում փոխվել են. նրանք հիմա խոսում են ԼՂ ժողովրդի ինտեգրման մասին: