Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում․ վարչապետ

«Եթե դուք հետևում եք լրահոսին պետք է տեսնեք Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ հռետորիկան և քաղաքականությունը, որն անընդհատ աճել է, և աճել է նաև 2020 թվականի պատերազմից առաջ, աճել է 2020 թվականի պատերազմից հետո, և ես կարծում եմ, որ այո, հիմա շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ ԼՂ-ում»,- այդ մասին այսօր լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե հիմա Հայաստանը կանգնա՞ծ է նոր լայնածավալ պատերազմի եզրին՝ ինչպես հայտարարել է Գերմանիայում և կան արդյոք զսպող մեխանիզմներ։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր եզրակացությունը Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է, և իհարկե կան որոշակի այլ տվյալներ։

Խոսելով նաև զսպման մեխանիզմների մասին, վարչապետն ասաց, որ իրենք համոզված են և 100 տոկոսով գիտեն, որ ՀՀ-ն չի, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ և էսկալացիա, այս է պատճառը, որ ՀՀ-ն համաձայնվեց կամ որոշում կայացրեց հրավիրել ԵՄ դիտորդներին։ 

«Նախորդ ասուլիսին, եթե չեմ սխալվում, մենք այդ թեմայի շուրջ խոսելու առիթ ունեցել ենք, թե ինչու և ինչպես ծագեց այդ գաղափարը, որովհետև, թե՛ 2020 թվականի պատերամից առաջ, թե դրանից հետո, Ադրբեջանը ցանկացած էսկալացիա բացատրում էր Հայաստանի գործողություններով և մենք, ի վերջո հասկանալով, որ հարցեր ենք ստանում, նաև ԵՄ մեր գործընկերների կողմից, ասեցինք՝ մենք  դեմ չենք, եթե դուք դիտորդներ ուղարկեք, որպեսզի դուք մեր տեղեկատվության վրա հիմնվելու անհրաժեշտություն չունենանք, դուք տեղից ունենաք տեղեկատվություն, և՛ մեր, և՛ Ադրբեջանի տեղեկատվությունը ծանրութեթև անելու անհրաժեշտություն չունենանք։

Իմիջիայլոց ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ 2022 թվականի հոկտեմբերին, Պրահայում, նախնական պայմանավորվածությունն այն էր, որ ԵՄ դիտորդներ պետք է լինեն սահմանի երկու կողմերից, կամ շփման գծի երկու կողմերից, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի։ Ընդ որում, Ադրբեջանի նախագահը Ֆրանսիայի նախագահի և ԵՄ խորհրդի նախագահի ներկայությամբ համաձայնվեց, բայց հետագայում հրաժարվեց այդ տարբերակից»,-հավելեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում