Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում եթե լիներ համակարգային կոռուպցիա, այդ բացահայտումները չէին լինի. Կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է անկոմպրոմիս. վարչապետ

«2018-ից մինչ օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 «հուսահատության Գազել», որը ընդհանուր «Գազելների» թվի 70 տոկոսն է»,- այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ 1000-ից ավելի «մահվան» վերելակներ փոխարինվել են լրիվ նոր վերելակներով:

«Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են, և ըստ էության մեր քաղաքական թիմն է այդ պարտավորությունը ստանձնել: Եթե դուք համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբերումը կոռուպցիա է, վերելակներ փոխելը կոռուպցիա է, նոր աղբատար համակարգի ստեղծումը կոռուպցիա է, փողոցների լուսավորություը, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է, դա ուրիշ խնդիր է: Այլ բան, որ գնումների և այլ ոլորտներում, ցավոք սրտի, միշտ էլ ռիսկեր կան, և այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահայտում: Կարևորն այն է, որ ոչ մի բան անարձագանք չի մնում»,- ասաց վարչապետը:

Ինչ վերաբերում է կոռուպցիան շատանալու վերաբերյալ հարցին, վարչապետն արձագանքեց. «Կարծում եմ՝ կոռուպցիոն բացահայտումներն են շատացել, ինչը կարող է նշանակել նաև, որ, այո, կոռուպցիան շատացել է: 2018-2019թթ., ցավոք, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված կոռուպցիոն մեղադրանքով: Ցավով եմ ասում, այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ կողմից նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ. սա նշանակում է, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս և շարունակում է այդպես մնալ: Ես հաստատում եմ, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, որովհետև եթե համակարգային կոռուպցիա լիներ, այդ բացահայտումները չէին լինի, որովհետև այդ համակարգային կոռուպցիան պիտի նշանակեր, որ ես դրանից փայ ունեմ»:

Վարչապետն ընդգծեց, որ այսօր Հայաստանում որևէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չէ: