Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա էլ ասում եք՝ վայ, ձեր կուսակից, նախկին կուսակցական. բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի. վարչապետը՝ դատական համակարգի բարեփոխումների մասին

«Հարցը էնպես ձևակերպեցիք, որ պատասխանն էլ մեջը դրեցիք»,- այսօր՝ մարտի 14-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հարցին, թե ՀՀ կառավարությունն օգտագործում է լրտեսական սարքեր՝ լրագրողներին, իրավապաշտպաններին գաղտնալսելու համար, որը, լրագրողի խոսքով, հրապարակել է Freedom house-ը:
«Դա այնքան անհեթեթ տեղեկություն է...»,- ասաց վարչապետը և հիշեցրեց ընդդիմության կողմից բարձրացված անհեթեթ աղմուկը sms-ներ ստանալու մասին:

«Մենք քաղաքական պատասխանատվություն ենք ստանձնել, որը պետք է կրենք մինչև վերջ: Ընտրությունների արդյունքները և ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն են»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է դատական համակարգին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Մեզ մինչ այս ասում էիք՝ բա դուք բարեփոխումներ էիք խոստանում դատական համակարգում: Երբ մենք 4 տարի չարչարվում ենք և դեռ երկար շարունակելու ենք չարչարվել, որ Հայաստանում իրոք անկախ դատական համակարգ լինի, ասում եք՝ վայ, ձեր կուսակից, նախկին կուսակցական. բա ո՞ւմ նախկին կուսակցականը լինի»:

Վարչապետի խոսքով՝ ԵՄ արևելյան գործընկերության երկրների շարքում Հայաստանը բացարձակ առաջատար է անկախ դատական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության պաշտպանության ոլորտներում, կոռուպցիայի դեմ պայքարում:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններից հետո տեղի ունեցած ձերբակալություններին, վարչապետն ընդգծեց. «ՀՀ-ում  բոլորը հավասար են օրենքի առաջ՝ ընտրվել է, չի ընտրվել, մեր կուսակցությունից է, մեր կուսակցությունից չի, մեր թիմից է, մեր թիմից չի՝ երկրորդական նշանակություն ունեն, որոնք էդ կարգի պրոցեսների վրա ազդեցություն ունենալ ուղղակի չեն կարող»: