Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնացին Բաքու հետ կգա՞ն, թե՞ չէ, այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու․ Փաշինայնը՝ ԼՂ իշխանությունների հետ հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնելու Ադրբեջանի առաջարկի մասին

«Ճիշտ չէ խաղաղության պայմանագրի որեւէ առանձին պարբերություն քննարկել, քանի որ այդ պարբերությունը, եթե նույնիսկ լինի իդեալական ձեւակերպում, ինքնին ոչինչ չի նշանակում քանի որ մյուս պարբերությունների հետ փոխկապակցության մեջ է եւ հենց առանձին վերցրած տողի կամ պարբերության քննարկումը ինքնին ոչ մի բան կարող է չնշանակել»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների մեկի հարցին՝ թե երբ ասում եք, որ  առաջընթաց եք տեսնում խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումներում, ինչի՞ մասին է խոսքը, ո՞ր հարցերի շուրջ կողմերը կոնսենսուսի չեն գալիս։ 

Ըստ վարչապետի՝  ընդունված հայտնի սկզբունքը՝ «քանի դեռ պայմանավորված չէ ամեն ինչ, պայմանավորված չէ ոչինչ»՝ գործում է նաեւ այս՝ խաղաղության պայմանագրի  դեպքում։ «Մեծ հաշվով, այնպես չի, որ մենք պետք է ստորագրենք պարբերություն առ պարբերություն, եթե այդպես լիներ աշխատանքը միջազգային պրակտիկայում, ձեր ասածը իմաստ կունենար մանրամասնել՝ կա այսպիսի մի նախադասություն, համաձայնեցրել ենք եւ ստորագրում ենք։ Բայց այդպես չէ, պետք է ամեն ինչ ստորակետի մակարդակով համաձայնեցնենք, որ ստորագրենք։ Դրա համար ես տեսնում եմ, որ կան քայլեր, կա որոշակի առաջընթաց եւ մենք շարունակելու ենք աներկբա աշխատանքը՝ հնարավոր եզրակացության հասնցելեւ համար»,- նշեց վարչապետը՝ հավելելով․ «Ուզում եմ ձեզ խնդրել կամ հորդորել, որ եթե պարզվի, որ ունենք փաստաթուղթ, որը պատրաստ ենք ստորագրել, դա վատ լուր չի, դա լավ լուր է, քանի որ դա նշանակում է, որ կա որոշակի առաջընթաց, որը կարող է բերել երկարատեւ խաղաղություն եւ կայունություն։ Իսկ այս պահին դետալների մեջ մտնելը, հենց իմ ասած նկատառումից ելնելով, ճիշտ չեմ համարում, քանի որ մի ուրիշ նախադասությամբ կարող է այդ դետալի իմաստը այնպես փոխվել, որ այսօր իմ  հնարավոր ասածը մնա օդում»։ 

Հարցին՝ Երեւանը կո՞ղմ է, որ Ստեփանակերտը գնա Բաքու՝ քննարկումների, առաջարկ, որն արվել է Ադրբեջանի վարչակազմի կողմից։  Ի պատասխան այս առաջարկի՝ Արցախի ԱԺ-ն հայտարարել է՝ վերաինտեգրման մասին քննարկումները զիջում են, արդյոք վարչապետը նույնպես վերաինտեգրացիայի մասին խոսելը համարում է զիջում։ «Ես այդ հարցին անդրադարձա՝ իրավունքների եւ անվտանգության հարցերը մի ամսվա ընթացքում դարձան ինտեգրացիայի մասին խոսույթ։ Մեր խնդիրն այն է, որ պետք է տեղի ունենա քննարկում եւ ժամանակը եւ ձեր նշած ոչ դրական դինամիկան ավելի համոզիչ է դարձնում միջազգային մեխանիզմի ստեղծված հարցը։ Այստեղ էլ երաշխիքի խնդիր կա՝ գնացին՝ Բաքու հետ կգա՞ն, թե՞ չէ։ Այդ հարցի պատասխանն ո՞վ է տալու։ Այսինքն, սա քմահաճույք չի։ Մեր խնդիրն է, որ քննարկում տեղի ունենա, եւ խոսողը պետք է լինի ԼՂ ժողովրդի ներկայացուցիչը։ Ինչո՞ւ, որովհետեւ երբ որ ՀՀ-ն այդ թեմայով խոսող առաջնային սուբյեկտն է, անընդհատ ԼՂ-ից խեթ հայացքներ, կասկածներ են հնչում, թե՝ վա՜յ, այդ ինչ դավադրություններ են հյուսվում եւ այլն։ Մենք կարծում ենք, որ ԼՂ ներկայացուցիչրներն իրենք պետք է խոսեն, որպեսզի ե՛ւ պատասխանատվությունը լինի իրենց կողմից, ե՛ւ նաեւ իրենց ակնկալիքների բավարարման եւ ձեւակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանան։  Մենք կարծում ենք, որ դա ճիշտ ճանապարհ է, այլ բան, որ դա պետք է լինի էֆեկտիվ խոսակցություն»,- հայտարարեց Փաշինյանը։ 

Վարչապետը պարզաբանեց, թե ինչ ասել է «միջազգային տեսանելի մեխանիզմ» հասկացությունը, որի մասին անընդհատ հայտարարում է ՀՀ իշխանությունը։ «Մեր ընկալումն այն է, որ լինի միջազգային մեխանիզմ, որը կերաշխավորի խոսակցության շարունակականությունը, որովհետեւ Ադրբեջանը երկու անգամ խոսեց, ասաց՝ լա՜վ, հոգնեցի, էլ չեմ խոսում։ Կամ՝ անվտանգությունը եւ իրավունքները դարձան ինտեգրացիա, ինտեգրացիայից հետո դարձան մեկ ուրիշ բան։ Ի վերջո՝ ի՞նչ է լինելու։ Եւ նաեւ սա նկատի ունեմ, երբ ասում եմ՝ մենք չենք պատրաստվում որեւէ կերպ Ադրբեջանին ԼՂ-ում էթնիկ զտումներ կամ ցեղասպանություն իրականացնելու մանդատ տալ։ Բայց նաեւ տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի փակման առումով ինչ մեծ միջազգային արձագանք եղավ եւ շարունակում է լինել։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը տեսնում է սպառնալիքը եւ նաեւ իր պատասխանատվություն է զգում այս իրավիճակի վերաբերյալ։ Մենք ասում ենք, որ լինի այդ մեխանիզմը՝ խոսակցության շարունակականությունը ապահովելու համար»։ Վարչապետը նշեց նաեւ, որ  ՀՀ-ն ունի այդ մեխանիզմների մասին իր պատկերացումները եւ մի քանի առաջարկ է արել։ «Մենք նկարագրել ենք երկու-երեք այդպիսի մեխանիզմ եւ պետք է շարունակենք այդ ուղղությամբ աշխատել։ Ընդ որում, այդ մեխանիզմը հարթ, միաշերտ կարող է չլինել։ Նույն փաստահավաք առաքելությունը, որի մասին մենք խոսում ենք, կարող է լինել այդ մեխանիզմի մաս»,-պարզաբանեց կառավարության ղեկավարը։