Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահն անցնում էր քրգործով, նրա նշանակումը տեղավորվո՞ւմ է դատական բարեփոխումների՝ վարչապետի պատկերացումների մեջ․ հարց՝ Փաշինյանին

Վարչապետի ասուլիսի ընթացքում հարց հնչեցվեց Հակակոռուպցիոն դատարանի նորանշանակ նախագահ Խաչիկ Ղազարյանի վերաբերյալ, լրագրողը նշեց, որ նա անցնում էր քրեական գործով և 5․8 մլն դրամի վնաս է վերականգնել։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Ղազարյանի նշանակումը տեղավորվում է վարչապետի՝ դատական բարեփոխումների պատկերացումների մեջ։

«Ես գիտեմ, որ գործը կարճվել արդարացման հիմքով։ Ինչպես ճիշտ նկատեցիք՝ այդ մարդիկ դատական համակարգից պետք է նշանակվեն։ Պրոբլեմն այն է, որ մենք չենք կարող դատական համակարգը մի գործողությամբ դարձնել այնպիսին, ինչպիսին կուզենք։ Կառավարությունը բարձրացնում է դատավորների աշխատավարձերը, փորձում է սոցիալական երաշխիքների համակարգ ստեղծել», - արձագանքեց վարչապետը:

Վարչապետի խոսքով՝ մյուս կողմից պետք է այդ ահազանգերը նայել և եթե ԲԴԽ-ն տեսնում է այդ ինֆորմացիան՝ դա պետք մղի գործողության կամ եթե չպիտի մղի՝ ուրեմն չպետք մղի գործողության։ 

«Մենք կատարելության չենք հասնում, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մենք չպետք է շեղվենք մեր նպատակից, մեր նպատակն ի վերջո անկախ դատական համակարգ ունենալն է», - հավելեց նա։