Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օտարերկրյա ծառայություններին ՀՀ ԶՈՒ-ի մասին տեղեկություններ վաճառած գործակալական ցանց, մարտական առաջադրանքը ձախողած գեներալներ, բանակից հափշտակություն կատարողներ. Ո՞ւմ նկատի ունի վարչապետը «5-րդ շարասյուն» ասելով

Օտարերկրյա ծառայություններին ՀՀ ԶՈՒ-ի մասին տեղեկություններ վաճառած գործակալական ցանց, մարտական առաջադրանքը ձախողած գեներալներ, բանակից հափշտակություն կատարողներ. Ո՞ւմ նկատի ունի վարչապետը «5-րդ շարասյուն» ասելով
Հայաստան
19:05, 15 март 2023
«Իմ համոզմունքն այն է, որ մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է 5-րդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է՝ մի շարք փաստերի վերլուծության արդյունքում: Կարծում եմ՝ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան թվացել է»։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած այս հայտարարությունը թեև նոր էր ձևակերպման՝ դրանում «5-րդ շարասյուն» կապակցությունը գործածելու  տեսանկյունից, սակայն նորություն չէր բովանդակության առումով։ Նախ, պատկերացնելու համար, թե ինչ կարող էր արած լինել «5-րդ շարասյուն» ասվածը բանակում, պետք է հասկանալ, թե ինչ ասել է «5-րդ շարասյուն»։  «5-րդ շարասյուն» եզրույթն ի հայտ է եկել 1931-1939թթ. Իսպանական հեղափոխության օրերին, ազգայնականների և հանրապետականների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1936թ.-ի հոկտեմբերի 15-ին Մադրիդի վրա հարձակում նախապատրաստելիս ազգայնականների գեներալ (ֆրանկիստական) Էմիլիո Մոլան ռադիոյով իր ելույթի ժամանակ հայտարարում է, որ բացի իր ունեցած 4 բանակային շարասյունից, կա նաև 5-րդը՝ կազմված ներքին գործակալներից, լրտեսներից, որը գտնվում է Մադրիդի սրտում (20 հազար հոգուց բաղկացած շարասյան մասին էր)։ Այս շարասյունը զբաղվում էր դիվերսիայով, լրտեսությամբ, սաբոտաժով, մարդկանց շրջանում պանիկա տարածելով և վճռական պահին պետք է ապստամբություն բարձրացնեին: Մոլային է վերագրվում հետևյալ միտքը. «Մենք սարսափ կսերմանենք՝ անխղճորեն ոչնչացնելով բոլոր նրանց, ովքեր համաձայն չեն մեզ հետ»։ 

Ժամանակակից մեկնաբանմամբ «5-րդ շարասյուն» եզրույթը վերագրում են այն անհատներին և կազմակերպություններին, որոնց գործունեությունը բնութագրվում է ընդդեմ  ազգային, պետական կառույցների։ 

«5-րդ շարասյան» մասին առաջին ահազանգը՝ 44-օրյա պատերազմի օրերին 

Նշենք, որ 44-օրյա պատերազմի առաջին շաբաթներին՝ հոկտեմբերի 8-ին, Նիկոլ Փաշինյանը թերևս առաջին անգամ ահազանգեց բանակում «5-րդ շարասյան» գործունեության մասին։ Ու թեև վերջինս չէր գործածել հիշյալ  կապակցությունը, սակայն նրա կողմից նկարագրված գործողությունները, որոնք, իր խոսքով,  տեղի էին ունեցել զինված ուժերում, բնութագրական են հենց «5-րդ շարասյանը»։  
«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերևա, դիրքերը պահելը իմաստ չունի»: Ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, և գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանում»,- գրել էր Փաշինյանը՝ հավելելով. «Ամենավատն այն է, որ տեղեկություններ կան, թե նման գործունեություն ծավալողներ կան առաջնագծի այլ հատվածներում: Բոլորը պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում, և մեր հերոսական գեներալների, սպաների, զինվորների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»:

Մինչ վարչապետի գրառումն էլ, պատերազմից 4 օր անց՝ հոկտեմբերի 1-ին, ԱԱԾ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե բացահայտել է նախկինում բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանության դեպք:

ՀՀ  քաղաքացին, ըստ այդմ,  տարբեր տարիների ընթացքում զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, օտարերկրյա կազմակերպության ներկայացուցիչներին հանձնել կամ հանձնելու նպատակով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկատվություններ, թշնամական գործունեություն իրականացնելու համար ցուցաբերել է այլ օգնություն՝ ի վնաս ՀՀ  տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության: Հիշյալ անձը մասնավորապես հավաքել և իր մոտ է պահել մարտական տեխնիկայի, սպառազինության, այդ թվում՝ տանկերի, մարտկոցների, ուժեղացման միջոցների, առաջնահերթ խոցվող օբյեկտների, ՀՀ  ԶՈՒ-ում  ծառայող, պահեստազորում հաշվառված անձանց և այլնի վերաբերյալ ծառայողական և պետական գաղտնիք կազմող տեղեկություններ։ 2021 թ. մարտին ԱԱԾ-ն  հայտնեց, որ  ավարտվել է զինված ուժերում նախկինում մի շարք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած զինվորականի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի նախաքննությունը, հիշյալ զինվորականը կալանավորված է։ Իսկ թե ով է նա ու որ թվականներին է կատարել մեղսագրվող արարքը՝ ԱԱԾ-ն չի հանրայնացնում։ 
Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ բանակում գործած «5-րդ շարասյան» մասին հիշատակման  համատեքստում  Փաշինյանը հայտարարեց, թե  այսօրվա դրությամբ ԶՈՒ-ի 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում ՝ բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ենթադրվում է, որ հենց լրտեսությունը,  դավաճանությունը և բարձրաստիճան զինվորականների ծառայողական անփութությունը նկատի ունի  վարչապետը, երբ գործածում է «5-րդ շարասյուն» եզրույթը։
 
«Մեր կոորդինատ գրողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է, և սխալ կոորդինատ է տալիս» 

Զինված ուժերի ներկայացուցիչների կողմից լրտեսության ու դավաճանության  թեմային, նկատենք, ՀՀ վարչապետը անդրադարձել էր 2022թ. հունիսի 27-ին  տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ ևս՝ որոշակիորեն բացելով փակագծեր։ Նա նախ նշեց, թե տարիներ շարունակ հոտնկայս խմել ենք բանակի կենացը, և զարգացնելով միտքը՝ նկատեց՝ այսօր նույն այդ բանակի 50-ից ավելի  զինծառայող մեղադրվում է լրտեսական գործունեության մեջ։ «Դուք հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է,  ես չգիտեմ էլ՝ մանրամասներ հրապարակվե՞լ են, թե՞ ոչ, բայց մեր կոորդինատ գրողը, պարզվել է, ադրբեջանական գործակալ է, և սխալ կոորդինատ է տալիս։ Եվ սա հայրենիքի դավաճանություն անողն է։ Իսկ նա, ով հայրենիքի դավաճանություն չի արել, օրինակ, կարող  է պարզվել մի օր այդպիսի բան, որ ինքը հայրենիքի դավաճան չէ, բայց, ասենք, 20 կմ-անոց (խոցելիությամբ-խմբ.) արկի տեղը առել է 10 կմ-անոց արկ և տեղը գրել է՝ 20 կմ-անոց, քանի որ 20 կմ-անոց արկը արժի, ենթադրենք, 1000 դոլար, իսկ 10-ը, ենթադրենք, 300 դոլար։ Բայց ինքը 500 դոլարով առել է 10 կմ-անոց արկ, էն մնացածն էլ ինչ են արել՝ Աստված գիտի։ Եվ սա պատերազմի ժամանակ գնացել է, նայել են՝ 20 կմ-անոց արկ, կրակել են 20 կմ-անոց  հեռավորություն ունեցող թիրախի վրա, բայց այդ արկը թռել է 10 կմ՝  բնականաբար, չխոցելով այն թիրախը։ Դեռ հլը պարզ չէ՝ մինչև 10 կիլոմետրը մեր թիրախներին խոցե՞լ է, թե՞ չի խոցել»:

Այս համատեքստում, նշենք, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռք բերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Գործը դատարանում է:

Մարտական առաջադրանքը  ձախողած  գեներալներ, լրտեսներ ու  պետական դավաճաններ 

Երեկ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը հայտարարեց, թե «հողեր հանձնելու» մեղադրանքով  բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ: Հիշեցնենք, որ նախորդ տարի սեպտեմբերին մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար  գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին։ ՀՀ  ՔԿ-ն  երկու դրվագ էր ներկայացրել մեղադրանքից։  Դրվագներից մեկը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին հայկական կողմի ձեռնարկած հակահարվածին, այն դեպքում, երբ հայկական կողմը 1։5 հարաբերակցությամբ թե՛ քանակապես, թե՛ որակապես զիջել է հակառակորդին, մինչդեռ մարտական կանոնադրությամբ հարձակողական գործողության ժամանակ անհրաժեշտ է հակառակորդին գերազանցել 1:3 հարաբերակցությամբ, հակահարված իրականացնող ստորաբաժանումների միջև բացակայել է փոխգործակցությունը։ Հարությունյանի այս գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ ձախողվել է բանակային հակահարվածը։ Ավելի ուշ Հարությունյանը ձևավորել է նոր զրահախումբ և նրանց առջև ըստ էության դրել նույն մարտական խնդիրը, այն դեպքում, որ այս նոր զրահախումբը էապես զիջել է հոկտեմբերի 7-ին հակահարձակման օպերացիայում ընդգրկված ուժերն ու միջոցները։ Հոկտեմբերի 8-ի մարտական առաջադրանքը ևս ձախողվել է՝ առաջացնելով ծանր հետևանքներ։ Ի դեպ, պատերազմի օրերին և դրանից հետո խոսվում էր այն մասին, թե Ջաբրաիլում հայկական  ԶՈՒ-ն Փաշինյանի հրահանգով փորձել է իրականացնել, այսպես կոչված, «Լելե Թեփե» օպերացիա, որը ձախողվել է, և ունեցել ենք մոտ 700 զոհ և ռազմական տեխնիկայի՝ 44 տանկի կորուստ։  Ի դեպ, 2021-ի ապրիլին ԱԺ-ում  խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ «Լելե Թեփե» օպերացիա հասկացություն ընդհանրապես չի եղել, այդ հետո է սկսել շրջանառվել պրոպագանդիստական նպատակով»։   «Իբրև թե ես ասել եմ՝ 2016-ին  Սերժ Սարգսյանը դա կորցրել է, ինձ համար դա ունի քաղաքական նշանակություն,  գնացեք, Լելե-Թեփեն վերցրեք, որ դիվիդենդ առաջանա... դա կատարյալ անհեթեթություն է»,- մասնավորապես նշել էր Փաշինյանը։ 

Նշենք նաև, որ 44-օրյա պատերազմի օրերին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար նշանակված գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանին ևս նախորդ տարի մեղադրանք է առաջադրվել զինվորական պաշտոնեական անփութության համար: 

Ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար մեղադրվող Արզումանյանը մեկ այլ քրեական վարույթով  մեղադրվում է  Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում «ծառայողական պարտականությունների նկատմամբ  անփույթ վերաբերմունք  դրսևորելու, դրանք չկատարելու և ոչ պատշաճ կատարելու համար, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ:

Նշենք նաև, որ 2022 թ. փետրվարին ԱԱԾ-ն հայտնեց, որ  բացահայտել և չեզոքացրել է ՀՀ  տարածքում գործող լրտեսական ցանցի գործունեությունը՝ մանրամասնելով՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցները ՀՀ  տարածքում ստեղծել են գործակալական ցանց, որի կազմում ներգրավել են զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներում ծառայող անձանց: Լրտեսական գործունեություն իրականացրած անձինք գործակալական ցանցում ներգրավել են շուրջ երկու տասնյակ ՀՀ  քաղաքացիների։ Գործակալական ցանցում ընդգրկված որոշ անձինք նախապես տեղեկացված  են եղել նաև Արցախի դեմ սպասվող պատերազմի և դրա հստակ օրվա մասին  ակտիվորեն տեղեկատվություն են հավաքել և բջջային տարբեր հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին են փոխանցել այդ տվյալները։ Մասնավորապես՝ Արցախի տարածքում տեղակայված հակաօդային պաշտպանության միջոցների տեսակների, քանակի, գտնվելու վայրերի, բարձրագույն հրամանատարական կազմի կենսորոշիչ տվյալների մասին, որով հակառակորդին պատերազմն սկսելուց առաջ ընձեռել են իրական հնարավորություն կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, իրականացնելու թիրախավորված հարվածներ, շարքից հանելու հակաօդային պաշտպանության միջոցները, ոչնչացնելու ռազմավարական նշանակություն ունեցող պահեստները: Պետական դավաճանություն կատարելու և դրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել ընդհանուր թվով 20 անձանց, նրանց մի մասը կալանավորված է և տվել է խոստովանական ցուցմունք։  Նշենք, որ «Դատալեքս» հարթակում մի շարք գործեր են զետեղվել,  որոնց ճնշող մեծամասնության ինֆորմացիան փակ է՝ անհասանելի է հանրության համար։  

Հեղինե Մանուկյան