Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թևակոխել ենք խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ. Ստացվել են Ադրբեջանի նոր առաջարկները. վարչապետ

«Ադրբեջանն ամեն ինչ անում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը վիժեցնելու համար»,- այսօր՝ մարտի 16-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հիշեցրեց Ադրբեջանի հայտարարությունը ԼՂ հայերի հետ վերաինտեգրման թեման քննարկելու մասին. «Մինչդեռ միջազգային պայմանավորվածությունն այն մասին է, որ քննարկումը պետք է լինի ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության մասին»:

Վարչապետը այս առումով կարևորց Ստեփանակերտ-Բաքու երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումը, որովհետև, նրա խոսքով, առանց այդ մեխանիզմի օրակարգը կձախողվի և մոռացության կմատնվի Բաքվի կողմից:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև եռակողմ հայտարարության 7-րդ կետը, որը մինչ այժմ չի կատարվել:

Վարչապետը ասաց նաև, որ ստացվել են Ադրբեջանի նոր առաջարկները խաղաղության պայմանագրի վերաբերյալ. «Այսպիսով թևակոխել ենք պայմանագրի նախագծի քննարկման 4-րդ շրջափուլ: Մենք կքննարկենք և կներկայացնենք մեր դիտարկումները: Մենք հավատարիմ ենք և չենք շեղվելու խաղաղության օրակարգից»,- շեշտեց վարչապետը: