Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործը կարճելու առթիվ դատախազության բողոքը․ այն քննող դատավորները հայտնի են

Վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործը կարճելու առթիվ դատախազության բողոքը․ այն քննող դատավորները հայտնի են
Հայաստան
18:57, 08 май 2021
Վերաքննիչ քրեական դատարանը նախօրեին վարույթ է ընդունել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործը:

Դատալեքսում առկա տեղեկատվության համաձայն՝ գործը երեկ մակագրվել է, նախագահող դատավորը  Նարինե Հովակիմյանն է, կազմում են դատավորներ Սևակ Համբարձումյանն ու Կարեն Մարդանյանը: Այս մասին տեղեկացնում է hetq.am-ը։

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գեւորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարացնելու և քրեական գործի վարույթն այս մասով կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, քրգործը կարճելու և վերը նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը կայացրել է ապրիլի 6-ին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով: Դատավորը նման որոշում է կայացրել, քանի որ Սահմանադրական դատարանը մարտի 29-ին հրապարակած որոշմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչել է ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող։ Այս հոդվածները վերաբերում են համաչափության և որոշակիության սկզբունքներին։