Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարգարայի նախկին հայ-թուրքական սահմանային անցակետն իր հարակից տարածքներով նվիրատվությամբ վերադարձվում է ՊԵԿ-ին. Մեծամորի համայնքապետի տեղակալ

Մարգարայի նախկին հայ-թուրքական սահմանային անցակետն իր հարակից տարածքներով նվիրատվությամբ վերադարձվում է ՊԵԿ-ին. Մեծամորի համայնքապետի տեղակալ
Հայաստան
14:44, 21 март 2023
Մեծամորի ավագանու որոշմամբ՝ Մարգարայի նախկին հայ-թուրքական սահմանային անցակետն իր հարակից տարածքներով նվիրատվությամբ կվերադարձվի ՊԵԿ-ին։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց Մեծամորի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանը։ 

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մոտ մեկ ամիս առաջ կառավարության հերթական նիստի ժամանակ տեղեկացրել էր, որ Հայաստան-Թուրքիա սահմանը դիվանագիտական անձնագիր ունեցողների և երրորդ երկրների քաղաքացիների համար նախատեսվում է բացել մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը։  

Հայ-թուրքական սահմանի բացման, այդ թվում՝ մաքսային հսկողության աշխատանքներն իրականացնելու նպատակով ՊԵԿ-ը դիմել էր Մեծամորի համայնքապետարան՝ նախկինում իրեն պատկանող անշարժ գույքը վերադարձնելու նպատակով։

Մեծամորի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի խոսքով՝ ավագանին դեռևս փետրվարի 17-ի նիստի ժամանակ որոշում է կայացրել ՊԵԿ-ին նվիրատվության կարգով վերադարձնել անշարժ գույքը, և հիմա նվիրատվության գործընթացն է ընթանում: «Տվյալ գույքը նախկինում ՀՀ-ին է պատկանել, 2020թ.-ին նվիրատվություն են տվել Մարգարա գյուղին, և հիմա պետությունը իր գույքը հետ է վերցնում»,- ասաց Էդգար Հովհաննիսյանը։ 

Մարգարա բնակավայրի ղեկավար Էդգար Ենոքյանն էլ նշեց, որ նվիրատվությունից ի վեր այդ տարածքները եղել են ՌԴ սահմանապահ զորքի հսկողության տակ և չեն օգտագործվել. «Կիսակառույց շինություններ են՝ հարակից հողատարածքներով՝ բակ, հետնամաս։  ՀՀ նախկին մաքսատան տարածքն այս ողջ ընթացքում, հիմա էլ դեռ ՌԴ սահմանապահների հսկողության տակ է»։ 

Հարցին՝ 2020թ.-ին ի՞նչ նպատակով են այդ տարածքները նվիրատվությամբ տրվել Մարգարա բնակավայրին, Մարգարա բնակավայրի ղեկավարն ու Մեծամորի համայնքի ղեկավարի առաջին տեղակալը դժվարացան պատասխանել։

Նարա Մարտիրոսյան