Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միրզոյան-Լավրով մամուլի ասուլիսի ժամանակ հնչած ամենավտանգավոր շեշտադրումը թերևս այն էր, որ ռուսական կողմն արտաբերեց «տարածաշրջանային անվտանգային ճարտարապետություն» բառակապակցությունը․ փորձագետ

Միրզոյան-Լավրով մամուլի ասուլիսի ժամանակ հնչած ամենավտանգավոր շեշտադրումը թերևս այն էր, որ ռուսական կողմն արտաբերեց «տարածաշրջանային անվտանգային ճարտարապետություն» բառակապակցությունը․ փորձագետ
Հայաստան
14:47, 21 март 2023
Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Միրզոյան-Լավրով մամուլի ասուլիսի ժամանակ հնչած ամենավտանգավոր շեշտադրումը թերևս այն էր, որ ռուսական կողմն արտաբերեց «տարածաշրջանային անվտանգային ճարտարապետություն» բառակապակցությունը: 

Մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովն ընդգծեց, որ Արևմուտքն անթաքույց փորձում է խաթարել տարածաշրջանային անվտանգային ճարտարապետությունը: 

Սա նշանակում է, որ մեր ռազմավարական դաշնակցի համոզմամբ, այդ ճարտարապետությունն այլևս իրողություն է, որի հետ պետք է հարմարվել: Այն վերանայման ենթակա չէ, այնտեղ յուրաքանչյուրն ունի իր տեղն ու դերը, այդ թվում և՝ Հայաստանի Հանրապետությունը:

Մինչդեռ, Հայաստանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման հարցը միջազգայնացնելով, միջազգային իրավական մեխանիզմներ գործարկելով, Ադրբեջանին զսպելու նպատակով արտատարածաշրջանային դերակատարներ տարածաշրջան հրավիրելով, Լեռնային Ղարաբաղում միջազգային փաստահավաք առաքելություն տեղակայելու հարց բարձրացնելով, իրեն մեղմ ասած ճիշտ չի դրսևորում և նպաստում է այդ ճարտարապետության խաթարմանը: 

Ի դեպ, այդ ճարտարապետության մեջ ՌԴ դերակատարությունը՝ որպես ՀՀ ռազմավարական դաշնակից, ամենևին չի նշմարվում, փոխարենը հստակ ընդգծվում է ՌԴ առաջնային միջնորդական դերակատարությունը Հայաստան-Ադրբեջան օրակարգերում, այն էլ՝ Հարավային Կովկասում ՌԴ ռազմավարական շահերի համատեքստում: 

Իրապես փորձում եմ հասկանալ, թե ինչպես կարող է Հայաստանը տեղավորվել այդ ճարտարապետության մեջ, որն է մեր տեղն ու դերը, բայց՝ ապարդյուն: