Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ը անելիք ունի. ԼՂ-ում ցեղասպանության իրական վտանգ կա, ինչը անթաքույց դրսևորվում է Ադրբեջանի պաշտոնյաների խոսույթում. Միրզոյան

«Փոքր-ինչ զարմացած եմ, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ եվրոպական առաքելությունը, որովհետև առաքելության մանդատը հստակ ամրագրված է համապատասխան որոշմամբ: Այս որոշումը հրապարակային է, և ցանկացած ոք, ով հետաքրքրվում է նրբերանգներով, կարող է տեղեկանալ»,- այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցի:

Նախարարի խոսքով՝ եվրոպական առաքելությունը խաղաղության գործընթացին նպաստող ևս մեկ կարևոր գործիք է. «Ինչպես նաև օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը ԵՄ գործընկերներին: Սա ևս կարևոր նպատակ է»:

Ի պատասխան ԱԳՆ-ին վարչապետի վերջին հանձնարարականների կատարմանը, Արարատ Միրզոյանը նշեց, որ ԱԳՆ-ն պատերազմի հրադադարից հետո անմիջապես աշխատանքներ է սկսել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի հետ՝ ապահովելու փախստականների վերադարձը ԼՂ և հարակից տարածքներ. «Հարցը շարունակվում է քննարկվել, և իհարկե ադրբեջանական կողմը խոչընդոտներ հարուցում է, իսկ հայկական կողմը ձգտում է լինել կառուցողական»: 

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ ԼՂ-ում էթնիկ զտումների, ցեղասպանության իրական վտանգ կա, ինչը անթաքույց կերպով դրսևորվում է Ադրբեջանի ամենաբարձր պաշտոնյաների խոսույթում. «Եվ իսկապես ՄԱԿ-ը անելիք ունի»: 

Մանրամասն՝ տեսանյութում