Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ հրապարակված ձայնագրությունն ուղարկվել է նախաքննական մարմին․ քրգործն ընդլայնվում է

Ռուբեն Վարդազարյանի վերաբերյալ հրապարակված ձայնագրությունն ուղարկվել է նախաքննական մարմին․ քրգործն ընդլայնվում է
Հայաստան
15:20, 10 май 2021
ԲԴԽ լիազորությունները ժամանակավորապես կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործը կարծես ընդլայնվում է։ Երեկ մամուլում տարածվել է Վերաքննիչ քրեական դատավոր Արմեն Բեկթաշյանի խոստովանական ձայնագրությունը, որտեղ դատավորը պատմում է, թե ինչպես է Ռուբեն Վարդազարյանն իրեն հրահանգել սպանության մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին ազատել։ Դատավորի ներկայացմամբ Վարդազարյանը նշել է, թե դա պետք է պետության ու համակարգի համար։ 

Ըստ դատավոր Արմեն Բեկթաշյանի խոսքի՝ Վահագն Աբգարյանի պաշտպանությամբ հանդես եկող Մարինա Պողոսյանը տևական ժամանակ շանտաժի է ենթարկել ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ պարտադրելով ազատ արձակել սպանության մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանին։

Civic.am-ի հետ զրույցում Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նշեց, որ ձայնագրությունն արձանագրվել է իրենց կողմից․ «Այն ուղարկվել է նախաքննական մարմին այնտեղ արդեն իսկ առկա քրեական վարույթի շրջանակներում քննության առարկա դարձնելու նպատակով»։
 
Մենք կապ հաստատեցինք նաև ԲԴԽ նախագահի լիազորությունները կասեցրած Ռուբեն Վարդազարյանի հետ ձայնագրության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն Վարդազարյանը նշեց, որ թեպետ այս պահին մեկնաբանություն չի տալիս, բայց պատրաստվում է հանդես գալ մամուլի ասուլիսով։ 

Ձայնագրության մեջ դատավոր Բեկթաշյանը այդ գործի շրջանակներում խոսում է նաև ԲԴԽ անդամ Գրիքոր Բեքմեզյանի մասին։ ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դատավորի վերաբերյալ ենթադրյալ ճնշման մասին իմացել է ձայնագրությունից․

«Մենք ունենք մեկ անձի պատմած, իսկ մեկ անձի պատմածը բավարար չէ այն անձի վերաբերյալ քրեական գործ հարուցելու, որի մասին պատմում է։ Նախաքննության մարմինը պետք է ուսումնասիրի, թե արդյոք Բեկթաշյանի վրա ճնշում եղել է։ Ձայնագրությունը, ինչպես հասկանալի է, որոշ տեղեր մոնտաժված է, ենթադրում եմ հարցեր տվողի ձայնի հատվածներն են հանված, իսկ ես մոնտաժված ձայնագրությունները չեմ մեկնաբանում»։

Դատավոր Արմեն Բեկթաշյանը դատական համակարգի մի շարք աշխատակիցների անուններ հնչեցնելիս նաև խոսում է ԲԴԽ մամուլի խոսնակ Արմանից և դատական նիստերին նրա գործուղվցելուց։ Դատական դեպարտամենտի մամուլի ծառայության պետ Արման Խաչատրյանը մեզ հետ զրույցում վստահաբար ընդգծեց, որ դատավորը թեպետ Արման անունն է տալիս, սակայն իրեն նկատի չունի։

Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 332-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանըն ու քննությանը խոչընդոտելը)։ Նրա դեմ ցուցմունք էր տվել ԱԱԾ նորանշանակ տնօրենի տեղակալ, նախկին դատավոր Անդրանիկ Սիմոնյանը։ Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող Վահագն Աբգարյանի գործը եղել է նաև Անդրանիկ Սիմոնյանի վարույթում և վերջինս մերժել է նրա կալանքը վերացնելու մասին միջնորդությունը։ 

Ըստ մամուլի հրապարակումների՝ Ռուբեն Վարդազարյանը ճնշում է գործադրել նաև նախկին դատավոր, ներկայիս ԱԱԾ պետի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի նկատմամբ՝ Վահագն Աբգարյանին ազատելու համար։ Վարդազարյանը լրատվականների հետ զրույցում ասել էր, որ իր և ԱԱԾ պետի տեղակալի միջև առերեսում է եղել և նա պնդել է իր ցուցմունքը։ 

ԲԴԽ լիազորությունները դադարեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանը իր դեմ քրեական գործ հարուցելու և իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումները բողոքարկում է դատարանում՝ հիմքում դնելով իր անձեռնմխելիության հարցը։  

Նարա Մարտիրոսյան