Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այդ սահմանումը ճշգրիտ չէ առնվազն Արևմուտքի մասով, իսկ ռուսական տարբերակը մերժել է Ադրբեջանը. Արարատ Միրզոյան

Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցն է: Զեկուցողներն են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Ես էլի եմ լսել այդպիսի սահմանումներ այն մասին, որ Ռուսաստանը առաջարկում է Ղարաբաղի հարցը թողնել ապագային, Արևմուտքն առաջարկում է Ղարաբաղի հարցը լուծել հենց հիմա: Այս սահմանումը ճշգրիտ չէ առնվազն Արևմուտքի մասով: Ռուսական տարբերակը, որն ինչ-որ պահ քննարկվել է և մերժվել է Ադրբեջանի կողմից, ենթադրում է ԼՂ կարգավիճակի պարզաբանում հետագայում: 

Բանակցային այս գործընթացը, որում մենք ներգրավված ենք, ենթադրում է ԼՂ իրավունքների և անվտանգության հասցեագրման համար միջազգային մեխանիզմի ստեղծում՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության պայմաններում»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցի ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: