Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ավերածություններ Շիրակի մարզում. վնասի չափերը ճշտվում են. «ՀԺ»

Ավերածություններ Շիրակի մարզում. վնասի չափերը ճշտվում են. «ՀԺ»
Հայաստան
10:48, 11 май 2021
Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է․  Քշված տանիքներ, կոտրված ապակիներ, ձյան ու կարկտի շերտով ծածկված ցանքատարածություններ:
Մայիսի 10-ի երեկոյան Շիրակի մարզի տարբեր համայնքներում մոլեգնած մրրիկը, տեղատարափ անձրևն ու կարկուտը վնասներ են հասցրել Նոր Կյանք, Գեղանիստ, Գետափ համայնքներին:
3 տան, 2 անասնագոմի, նաև Գետափի մշակույթի տան տանիքն է քամին քշել, տարել: Գետափի համայնքապետ Շիրակ Խաչատրյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում դժվարացավ վնասի չափը նշել, թեկուզ նախնական: Ասաց՝ այդ մասին ավելի հստակ կարող է վաղը խոսել:
«Նկարներն էլ կան, մարզպետն էլ է եկել, տեսել: Վնասը մշակույթի տան մասով է հատկապես մեծ, այդտեղ նաև գյուղապետարանն է: Գրադարանի պատուհաններն են վնասվել: Վաղը էլի հանձնաժողովը կգա, որ ուսումնասիրի»,-ասաց Խաչատրյանը:
3 տան տանիք էլ քամին ամբողջությամբ ոչնչացրել է Գեղանիստ համայնքում: Տներից մեկը երկհարկանի է, քամին տանիքը կառուցատարրերի հետ է կոտրել, դեն նետել: Քամու տված վնասներին նաև հանձնաժողովի կազմում Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն է ծանոթացել:
Երեքից զատ ևս  երկու տան տանիք էլ մասնակի է վնասվել:  Գեղանիստի ղեկավար  Սենիկ Մարտիրոսյան նախնական հաշվարկ կարողացավ ներկայացնել: «Էն երեք տունը միասին 6-7 մլն դրամն անցնող ծախս է, չհաշված էն երկու մասնակի վնասված տները: Վաղը ավելի կոնկրետ կդառնա վնասի չափը: Ճիշտ է էդ երկուսը փոքր բաներ են, բայց դե վնաս է, պետք է հասկացվի»,- ասաց համայնքի ղեկավարը:
Գեղանիստում նաև մտահոգ են ցանքատարածությունների համար: Բանջարաբոստանային կուլտուրաներից հատկապես բազուկն ու գազարն են տուժել: Հացահատիկի մասին դեռ ոչինչ ասել չեն կարող: «Էն գազարն ու բազուկն արդեն ահագին ծլած էին, հացահատիկն էլ վաղը պարզ կլինի: Որը սառած եղավ, սևանալու է, փչանա: Իրականա վնասն ու չափը վաղը կերևա»,-մեզ հետ զրույցում մանրամասնեց Գեղանիսիտի համայնքապետը:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում