Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցիները դիրքային աշխատանքների ընթացքում խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են. սյունեցի պատգամավոր․ ՀԺ

Ադրբեջանցիները դիրքային աշխատանքների ընթացքում խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են. սյունեցի պատգամավոր․ ՀԺ
Հայաստան
14:15, 12 май 2021
Սյունիքում այս պահին իրավիճակը հանգիստ է, հայկական, ադրբեջանական եւ ռուսական կողմերի մասնակցությամբ բանակցություններ են ընթանում՝ առաջացած հակասությունները հարթելու ուղղությամբ: Այդ մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում տեղեկացրեց սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ մարզպետը եւս տեղում է:

Խոսելով մամուլում տարածված տեղեկությունների մասին՝ համաձայն որոնց մարտեր են ընթացել Իշխանասարի ուղղությամբ, Խաչատրյանը դրանք ապատեղեկատվություն որակեց. «Իմ տեղեկություններով՝ ադրբեջանցիները, օգտվելով ձնհալից, փորձել են Իշխանասարի ուղղությամբ դիրքերի տեղադրման աշխատանքներ իրականացնել: Բայց քանի որ այդ ամենի հետեւանքով խախտել են մեր վարչական սահմանը՝ մերոնք միջամտել են եւ թույլ չեն տվել: Որեւէ միջադեպ չի եղել, լրատվամիջոցներում  տեղ գտած տեղեկությունները ապատեղեկատվություն են, չեն համապատասխանում իրականությանը եւ ավելորդ տագնապ են առաջացնում ժողովրդի մոտ»,- ասաց Խաչատրյանը:

Հարցին՝ վիրավորներ ունե՞նք, պատգամավորը բացասական պատասխան տվեց. «Չէ, չէ, չունենք, ի՞նչ վիրավոր»:
Սյունեցի մեկ այլ պատգամավոր՝ Նարեկ Ղահրամանյանն էլ ֆեյսբուքի իր էջում գրառում է արել, որում ասվում է. «Սյունիքի մարզում Իշխանասարի ուղղությամբ որևէ մարտ չի ընթացել և չի ընթանում, հետևաբար չկան ո՛չ վիրավորներ, ո՛չ էլ զոհեր:
Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և չտրվել հերթական սադրանքին»: