Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինել, դա մեր երկրի հարավային դարպասն է․ Անդրանիկ Քոչարյան․ տեսանյութ

Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինել, դա մեր երկրի հարավային դարպասն է․ Անդրանիկ Քոչարյան․ տեսանյութ
Հայաստան
15:46, 12 май 2021
«Զանգեզուրը հիմա դարձրել ենք քաղաքական շահարկման առարկա և այսօրվա արտահերթ ընտրությունների շեմին քաղաքական գործընթացներին մեջ ներգրավվող ճոճանակի ենք վերածել։ Զանգեզուրը չի կարող ճոճանակ լինել, դա մեր երկրի հարավային դարպասն է։ Նորից կրկնեմ՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ասածը Մեղրիի մասին, Զանգեզուրի մասին, Սյունիքի արժեքի մասին։ Եվ վերջին հաշվով, իրողությունները լրիվ այլ բնույթի են եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Խոսելով Իշխանասարի այսօրվա միջադեպի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ադրբեջանցիները գուցե հաշվի են առնում, թե մենք Զանգեզուրը ոնց ենք շահարկում, երևի ասում են՝ մի քիչ փորձենք առաջանալ, նոր դիրք նստել։ Բայց այդ դիրքն, ըստ Քոչարյանի, այնպիսի դիրք է, որ ընդամենը մեկ փոքր զինվորական գործողության արդյունքում իրենք նստած դիրքում կհայտնվեն շրջափակման մեջ։ 

«Բնականաբար դա չի կարող վերածվել լարվածության, որովհետև հրադադարի ռեժիմը և նաև արդեն ՀՀ պետական սահմանի հետ կապված խնդիրները լուծվում են լրիվ այլ փաստաթղթերի և լրիվ այլ պայմանագրերի շրջանակներում։ Ես չեմ ուզում շրջանառեմ տվյալ պայմանագրերը, բայց այս հարցը հիմա առաջացել է սահմանային ճշտումների պատրվակով, համոզված եմ՝ իր մեջ ունի քաղաքական կոմպոնենտ՝ հակառակորդի կողմից, որը լարվածություն է առաջացնելու մեր ներքաղաքական կյանքում, լարվածություն  է առաջացնելու նաև Ռուսաստանի ներգրավվածությանը՝ մեր անվտանգային  համակարգում և հրադադարի ռեժիմի պահպանության հարցում»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նշեց, որ  գաղտնիք չի, որ Ադրբեջանը սկսել է կամաց-կամաց խնդիրն այլ ձևաչափով բարձրացնել, որ Ռուսաստանի ներկայությունը այս հրադադարի ռեժիմում այդքան էլ ցանկալի չի, գուցե ամբողջական չի ասվում՝ պետական մակարդակով, բայց դրա մասին խոսակցությունները գնալով զարգացվում են, նշվում են և սա մի փոքր էպիզոդ է և այս էպիզոդը կհաղթահարվի։

«Բայց այսօր ամբողջ օրը՝ մինչև այս պահը, մեր հանրությունը գտնվում է խիստ գերլարված վիճակում մի հատ լրատվական կառույցի և մյուս կառույցների ու անհատների այսպես անթաքույց շահարկումների շրջանակների առնչությամբ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։ 

Խոսելով կոնկրետ Իշխանասարի դիրքի մասին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդամենը մի բարձունք է այդտեղ, ընդ որում չպահպանվող բարձունք է և այդպիսի դիրքային բարձունքներ ամեն տեղ կան։

«Սահմանային այս խնդիրները հստակեցված չեն, դա տևական պրոցես է լինելու մինչև, որ վերջնականապես պետական սահմանի հետ կապված բոլոր հարցերը  ինչ-որ պայմանագրով կլուծվեն։ Բայց հիմա գնում են այդ հստակեցումները, այդ ճշտումները, բայց էդ ճշտումների մեջ մենք այսպիսի գործողություններով կարող է հասնենք նրան, որ հրադադարի ռեժիմի հետ կապված խնդիր առաջացնենք։ Ընդ որում, դա արվում է  անթաքույց՝ մեր երկրի շահերի դեմ տարածվող հաղորդագրություններով»,-եզրափակեց Անդրանիկ Քոչարյանը։